Անկարան արձագանքել է Պոնտոսի հույների ցեղասպանության մասին Հունաստանի վարչապետի հայտարարությանը
Մայիսի 19-ը Թուրքիայի կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրն է։
1916-1922 թթ. Օսմանյան պետությունն ու իր իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությանը զուգահեռ իրագործել են նաև կայսրության այլ ժողովուրդների տեղահանում և ցեղասպանություն։ Հույները նույնպես չեն խուսափել ցեղասպանության ծանր հարվածից։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակման օրվա առթիվ հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ մեկ դար առաջ Պոնտոսի հույները ենթարկվել են աննախադեպ դաժան ցեղասպանության՝ զրկվելով իրենց հայրենիքից։
Նա նաև շեշտել էր, որ մայր հայրենիքում ապաստան գտած պոնտոսցի հույների ժառանգներն այսօր էլ պահանջատեր են իրենց իրավունքների նկատմամբ։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետի հայտարարությանը՝ ուրանալով և ժխտելով պոնտոսցի հույների նկատմամբ իրականացված վայրագ ցեղասպանության եղելությունը։
Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեռ մի բան էլ ինքն է խորհուրդ տվել Հունաստանին առերեսվել սեփական պատմության հետ և ընդունել «Անատոլիայում» թուրքերի հանդեպ իրականացրած ռազմական ոճրագործությունները։
Աղբյուրը՝ Ermenihaber.am

