ՀՑԹԻ-ի տնօրենի նպատակը դրամաշնորհ ստանալն է՝ այլ երկրի համար հետախուզական տվյալներ ապահովելով. Հայկ Դեմոյան. Tert.am
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գրադարանը հասանելի է, որևէ խնդիր չկա, այս պարագայում ֆոնդի զատելն անիմաստ է, բայց տնօրենն ուզում է անիմաստ տեղը ռեսուրսներ ծախսել: Օգտակար գործողության գործակիցը համարյա զրո է: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով ՀՑԹԻ հիմնական ֆոնդը կառուցվածքային փոփոխության ենթարկելու մասին քննարկումներին:
Նշենք, որ այդ պարագայում հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը պետք է համապատասխան ընթացակարգով հանվեն հիմնական ֆոնդից, ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում, ինչի արդյունքում կփոխվի դրանց իրավական կարգավիճակը: Խոսքը հիմնական ֆոնդի մեկ երրորդի մասին է:
Դեմոյանը անհիմն որակեց այն պատճառաբանությունը, թե հիմնական ֆոնդից գրքերի ու մամուլի տեղափոխումը հետազոտողին հնարավորություն կընձեռի ազատորեն օգտվել ձևավորվելիք գրադարանից:
«Դա թանգարանի գլխավոր, օրհասական հարցը չէ, ֆոնդի մեկ երրորդը պետք է տեղափոխվի հանձնաժողովներ, գրանցում կատարվի և այլն: Գրադարանի իմաստն այն է, որ հետազոտողները ուսումնասիրություն կարողանան իրականացնել. երբևէ չի եղել մի դեպք, որ որևէ հետազոտող գա ու չկարողանա օգտվել անհրաժեշտ նյութերից: Ֆոնդի կագավիճակի փոփոխության այն հիմնավորումը, թե արվում է հետազոտողներին հասանելիություն ապահովելու համար, «թոզփչոցի» է, ապատեղեկատվություն է տարածվում: Այդ փոփոխությունից հետո գրքերը տեղից չեն շարժվելու, չեն տեղափոխվելու, մնալու են նույն ընթերցասրահում»,-ասաց Հայկ Դեմոյանը:
Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է ֆոնդի փոփոխության նպատակը, Դեմոյանը պատասխանեց, թե, ենթադրաբար, Հարություն Մարությանը և Հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ իրականացնում են խոշոր գրանտային ծրագիր առանձնապես խոշոր գումար են նախընտրում ստանալ «Հազարաշեն» ՀԿ-ի համար:
«Գրանտը հայաստանյան արխիվների հասանելիությունը արձանագրելու համար է: Համարում եմ, որ սա թշնամի երկրի ներկայացուցչին խիստ վտանագավոր հետախուզական տեղեկություններ տրամադրելու փորձ է: Ես ենթադրում եմ, որ գիտական ֆոնդերն առանձնացնում են, որ արխիվը հարմարեցնեն գրանտային պայմաններին: Դրամաշնորհը հատկացնողները փորձում են բոլոր հետխորհրդային երկրներում ճշտել, թե որքանով են բոլոր արխիվները հասանելի, իմ կարծիքով՝ սրանք ցանկացած երկրի համար հետախուզական տվյալներ են: Ակադեմիական ազատության տակ հրամցվում են նյութեր, որոնք արտասահմանում որոշ շրջանակների համար կներկայացնեն հետաքրքրություն»,-ասաց ՀՑԹԻ նախկին տնօրենը՝ նշելով, որ դրամաշնորհի համար դիմումը չի եղել թանգարանի անունից, որպեսզի այն տրամադրվի հենց ՀԿ-ին:
Դեմոյանը վերահաստատեց իր կարծիքը, թե Հարություն Մարությանը անօրինական ձևով է դարձել ՀՑԹԻ տնօրեն և դրա համար օգտվել է հովանավորչությունից:
«Իմ պատկերացմամբ՝ այս բոլոր քայլերի հետևում ինքնահաստատման նպատակն է: Չարչրկված բան կա՝ նախկինը դառնում է վատը, նրա աշխատանքները մոռացվում են: Նույնն արվում է իմ հանդեպ: Նա զգում է, որ չի կարողանում այդ աշխատանքները վերահսկել, իսկ իմ աջակցելու առաջարկը մերժվեց: Նա փորձում է իրականացնել նորամուծություններ, որոնց մի մասը նորամուծություն չէ, արդեն իսկ կատարված աշխատանքը ներկայացնում է որպես վերաթարմացում: Մարությանն ուզում է ոչնչացնել եղածը, առաջին թիրախը թանգարանի մշտական ցուցադրությունն է, որովհետև չի պատկերացնում այդ ծավալի աշխատանքը, հետևաբար ընտրել է կարճ ճանապարհը՝ ոչնչացնել, բայց չի ասում՝ ինչը պետք է փոխվի»,-ասաց Հայկ Դեմոյանը՝ նշելով նաև, թե գործող տնօրենն իրեն հեռացրել է հնարավոր բոլոր աշխատանքներից:

