10 հարց ԱՄՆ-ին. Չինաստանն ընդունել է ԱՄՆ մարտահրավերը և անցել հակահարձակման

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմպեոն ժամանակ չունեցավ ուրախանալու իր նորագույն մեծ «նախագծով»: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ 12 ժամվա ընթացքում չկարողացավ վայելել իր նոր փայլուն «խաղալիքը»: Կատակ բան չէ. Փոմպեոն հայտարարել էր, որ COVID-19 համավարակի տարածման գործում «Չինաստանի մեղավորության իրական ապացույցներ ունի», իսկ Թրամփը սպառնում էր, որ Չինաստանին ստիպելու է «վճարել» 10 միլիոն դոլար յուրաքանչյուր մահացած ամերիկացու համար: Եվ հանկարծ` այդպիսի անհարմար իրավիճակ, այսպիսի պղտոր ջուր: Չինաստանն ունի բազմաթիվ սեփական հիմնախնդիրներ, բազմաթիվ «նրբություններ»: Բայց մի նրբություն հայտնի է ամբողջ աշխարհին. եթե «Սինհուա» տեղեկատվական գործակալությունը կամ Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի (ԿԿ) մամուլի մարմինը՝ «Ժենմին ժիբաո» թերթը ինչ-որ բան է տարածում, ապա, հարգելի աշխարհ, խոսում են ոչ թե չինացի լրագրողները, այլ Չինաստանի բարձրագույն ղեկավարությունը: Եվ ահա մայիսի 2-ին «Ժենմին ժիբաո» թերթը հրապարակել է մի հոդված, որում մոլորակի բնակիչների ուշադրությունն է հրավիրում «10 հարց, որոնց պատասխաններին աշխարհը սպասում է Միացյալ Նահանգներից»: Պաշտոնական Պեկինը ընդունել է ԱՄՆ իշխանությունների մարտահրավերը, և այժմ Թրամփը և Փոմպեոն Ամերիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն ստիպված կլինեն մտածել, թե ինչպես խուսափել «չինական այս 10 հարցերին» պատասխանելուց:

Մենք չենք պատրաստվում փոխարինել ԱՄՆ ղեկավարությանը, մանավանդ Հայաստանում ոչ ոք չունի Չինաստանի հարցերի պատասխանները, չնայած դրանցից մեկը վերաբերում է նաև մեր հանրապետությանը: Բայց մենք կներկայացնենք, թե ինչ հարցեր է հղել Վաշինգտոնին Չինաստանի Կոմկուսի ԿԿ-ը: Այդպիսով, մեջբերում. «Արդեն ավելի քան 100 օր է անցել, երբ հունվարի 20-ին ԱՄՆ-ում հայտնաբերվել է հիվանդության առաջին դեպքը: ԱՄՆ-ում հաստատված դեպքերի քանակը գերազանցել է 1 միլիոնը, Միացյալ Նահանգները դարձել է հաստատված դեպքերի և մահերի ամենամեծ թվով երկիրը: ԱՄՆ-ում համաճարակաբանական իրավիճակը բարդանում է, այնուամենայնիվ, ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ պայքարում են ոչ թե համաճարակի դեմ, այլ տարածում են կեղծ տեղեկատվություն և պատասխանատվությունը գցում ուրիշների վրա: Այնուամենայնիվ, այս դիրքորոշումը ոչ միայն թույլ չի տալիս գցել պատասխանատվությունը, ընդհակառակը՝ այն կասկածելի պահեր է բացահայտում ԱՄՆ-ում համաճարակի կանխարգելման և վերահսկման գործում, ինչը գրավում է արտաքին աշխարհի ուշադրությունը: Ամերիկյան կառավարությունը պետք է պատասխանի 10 հարցի, բացատրություններ տա աշխարհին:

  1. Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի տրամադրում թարմացված տեղեկատվություն անցած տարի թռչնագրիպի վիրուսի մոդիֆիկացման փորձի վերսկսման վերաբերյալ: Անցած տարվա փետրվարին ամերիկյան «Science» ամսագրի կայքում հրապարակվել էր, որ ԱՄՆ կառավարությունը «անտեսանելի կերպով» հաստատել է թռչնագրիպի վիրուսը միդիֆիկացնելու փորձը: H5N1 վիրուսի տրանսֆորմացիային ուղղված հետազոտությունը՝ կաթնասուններին վարակելու ավելի մեծ կարողության համար, հակասական էր և համարվում էր ծայրահեղ վտանգավոր: Որոշ փորձագետներ կարծում են, որ մոդիֆիկացիան կարող է մեծացնել անձից անձ վիրուսի փոխանցման ռիսկը: Հարցն այն է, թե ինչու ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել վերսկսել այդ փորձը այն դադարեցնելուց 4 տարի անց, և ինչո՞ւ չկան այս փորձի վերաբերյալ տեղեկատվության թարմացումներ:
  2. ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական ինստիտուտը նախկինում փակվել է: Ինչո՞ւ:
  3. Անցած տարի ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը մշակել է սցենար, որը նման էր COVID-19 բռնկման: Արդյո՞ք սա պատահականություն է: Մարտին «New York Times» թերթը մեջբերել է ԱՄՆ կառավարության զեկույցը, որում ասվում է, որ 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունն օգտագործել է «Բոսորագույն վարակ» սցենարը, որը մոդելավորում է հնարված վարակի ​​բռնկում մի խումբ զբոսաշրջիկների մասնակցությամբ, որոնք այցելել են Չինաստան: Վարժանքների ընթացքում ներկայացվել է մի սցենար, ըստ որի՝ CAPS հորինված վիրուսը, որն ավելի ծանր ախտանիշներ է առաջացնում, քան SARS-ը և փոխանցվում է շնչուղիների միջոցով՝ սովորական գրիպի նման, առաջացրել է համավարակ: Ինչպես COVID-19- ի դեպքում, CAPS-ի դեմ պատվաստանյութ չկա: Պատահական է արդյո՞ք, որ հորինված վիրուսն այդքան նման է COVID-19-ին: Մեկ այլ հարց. ինչո՞ւ ԱՄՆ-ում կորոնավիրուսների բռնկման վաղ փուլերում բավարար միջոցներ չեն ձեռնարկվել, եթե ԱՄՆ-ը արդեն կանխատեսել էր նման համաճարակ:
  4. ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է կորոնավիրուսային ճգնաժամի մասին դեռ նախորդ տարվա նոյեմբերին: Ինչո՞ւ էին նախազգուշացումներն անտեսվել:
  5. Գրիպից գրանցված մահվան դեպքերի շարքում կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը հստակեցնել, թե իրականում քանիսն են վարակված COVID-19-ով: Ե՞րբ են ԱՄՆ իշխանությունները հրապարակելու գրիպի վիրուսի նմուշները Միացյալ Նահանգներում և դրա գենետիկական հաջորդականությունը, կամ ե՞րբ նրանք թույլ կտան ԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի փորձագետներին ընտրել և վերլուծել վիրուսը:
  6. Կորոնավիրուսի նոր տեսակը ե՞րբ է հայտնվել ԱՄՆ-ում: Տեղական առողջապահական մարմինների կողմից ապրիլի վերջին հրապարակված զեկույցում նշվում է, որ 57-ամյա կինը Կալիֆորնիա նահանգի Սանտա-Կլարա շրջանից մահացել է COVID-19- ից՝ փետրվարի 6-ին՝ 20 օր շուտ, քան ԱՄՆ-ը հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան մասին:
  7. Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները հաջողել այդքան արագ ստանալ վիրուսային շտամերը, որպեսզի սկսի փորձարկել COVID-19 դեմ պատվաստանյութը: Մարտի 16-ին «Wall Street Journal» թերթը հաղորդել է, որ COVID-19-ի դեմ «Moderna Inc.» փորձարարական պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա արդեն սկսվել են: Փորձագետները միանգամից բարձրաձայնել են պատվաստանյութի մշակման արագության հարցը՝ հայտարարելով, որ անհնար կլիներ պատվաստանյութի մշակումը, եթե ԱՄՆ-ը վիրուսի շտամերը չստանար ամենավաղ փուլում: Այս առումով հարց է ծագում, թե երբ և ինչպես է ԱՄՆ-ը ստացել է վիրուսի շտամերը: Ինչպե՞ս են նրանք հաջողացրել այդքան արագ սկսել պատվաստանյութի մշակումը:
  8. Ինչո՞ւ ԱՄՆ կառավարությունը համավարակը վտանգավոր չի համարում, իսկ ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են բաժնետոմսերը վաճառել իջեցված գներով: «The Washington Post»-ի փոխանցմամբ՝ Սենատի հետախուզական հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բարրը և նրա կինը վաճառել են 1,7 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր ֆոնդային բորսայի անկումից մեկ շաբաթ առաջ: Ինչո՞ւ էին այդ պաշտոնյաները շատ արագ գործում, այն ժամանակ, երբ կառավարությունը կարևորություն չէր տալիս համավարակին: Ինչո՞ւ կենսական նշանակության տեղեկատվությունը գաղտնի էր մնում հանրության համար, իսկ պաշտոնյաներն օգտվել են ինսայդերական առևտրից:
  9. Ինչո՞ւ ամերիկացի փորձագետներին չի թույլատրվում հրապարակայնորեն քննարկել COVID-19-ը: Ըստ «The New York Times» թերթի՝ Սպիտակ տունը սկսել է խստացնել վերահսկողությունը առողջապահության ոլորտի պաշտոնյաների կողմից կորոնավիրուսի վերաբերյալ ստացված բոլոր հաղորդումների նկատմամբ փետրվարի 27-ին այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը ստանձնել է համավարակի կանխարգելման և վերահսկման պատասխանատվությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը, որը հայտարարում է խոսքի ազատության մասին, թույլ չի տալիս փորձագետներին և գիտնականներին հանրության շրջանում քննարկել կորոնավիրուսի նոր տեսակը: Արդյո՞ք ԱՄՆ-ը ուզում է թաքցնել ինչ-որ բան: Թե՞ վախենում է ինչ-որ բանից:
  10. Ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացվում Միացյալ Նահանգների արտասահմանյան կենսաբանական լաբորատորիաներում: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը լռում այս մասին: Ռուսական «Sputnik» գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Նատալյա Պոկլոնսկայան առաջարկել է ստուգել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների օրինականությունն ամբողջ աշխարհում: Ոչ վաղ անցյալում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նախկին ԽՍՀՄ երկրներում կենսաբանական լաբորատորիաների ստեղծման վերաբերյալ: Արտաքին քաղաքականության և ազգային պաշտպանության ոլորտի ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն ասել է, որ այս կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը երբեք չի բացահայտվել աշխարհին, նրանք նաև ստեղծել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումներ, ինչպիսիք են, օրինակ, կարմրուկը լաբորատորիայի տարածքում: Ի՞նչ հետազոտություններ են կատարվում այս լաբորատորիաներում: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը լռում այս կենսաբանական լաբորատորիաների գործառույթների, օգտագործման և անվտանգության մասին»:

Կարող ենք միայն ավելացնել, որ մայիսի 2-ին Չինաստանի ԱԳՆ-ը արդեն պաշտոնական ներկայացուցչի մակարդակով կոչ է արել փակել նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ԱՄՆ բոլոր կենսաբանական լաբորատորիաները՝ շեշտելով, որ Չինաստանի իշխանությունները աջակցում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը և վտանգավոր են համարում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը նախկին խորհրդային հանրապետություններում: Իհարկե, կարելի է ձևացնել, որ Պեկինից «ողջույնը» Հայաստանին չի վերաբերում: Բայց …եկեք տեսնենք, թե ինչ է անելու ԱՄՆ-ի սուտասան ղեկավարությունը…

Սերգեյ Շաքարյանց