Արսենյաններին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը ՀՀ կառավարությունից մաքսային արտոնություն կստանա

Կառավարությունը որոշել է իրեն սատարող Արսենյանների սեփականությանը՝ «Ջերմուկ Գրուպ»-ին, մաքսային արտոնություններ տրամադրել։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից։

Հիշեցնենք, որ «Ջերմուկ Գրուպ»-ը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, որի որդին ՔՊ-ի օրոք մարզպետ է նշանակվել։
Կառավարության որոշման նախագծով ընկերությունը 270.7 մլն դրամի մաքսատուրքից ազատվելու արտոնություն կստանա։

Ըստ հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաև 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Նախատեսված լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը հասնելու է 4․3 մլրդ դրամի։ Ընդհանուր արժեքի համար մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի շրջանակում սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծումը նախատեսված է իրականացնել 2026 թվականի ապրիլի 29-ից մինչև 2027 թվականի ապրիլի 28-ը։ Ծրագրի իրականացման ընդհանուր ժամկետը սահմանվել է մեկ տարի՝ կառավարության նոր որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։