G20-ի երկրները պարտավորվել են անհապաղ քայլեր ձեռնարկել էներգետիկ շուկայի կայունացման համար. «ՌԻԱ Նովոստի»

G20-ի երկրների էներգետիկայի նախարարները պարտավորվել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կորոնավիրուսային համաճարակի հենքին էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար: Այս մասին նշվել է «Մեծ քսանյակի» արտահերթ նիստի արդյունքների ամփոփումից հետո:

Նիստի մասնակիցներն ընդգծել են, որ համաճարակի հետ կապված տնտեսական անկումը և կանխատեսումների անորոշությունը խորացրել են էներգիակիրների առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունը, ուժեղացրել են էներգետիկ շուկայի անկայունությունը, ուղղակիորեն ազդելով նավթագազային հատվածի վրա՝ տարածվել են այլ ոլորտների վրա ևս, ինչն իր հետևանքը կունենա համաշխարհային տնտեսության վերականգնման գործում:

«Այս խնդիրները լուծելու համար մենք պարտավորվում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և անհապաղ միջոցները էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար: Մենք գնահատում ենք որոշ արտադրողների նվիրվածությունը էներգետիկ շուկաները կայունացնելու համար: Մենք ընդունում ենք միջազգային համագործակցության կարևորությունը էներգետիկ համակարգերի կայունության ապահովման գործում»,- ասվում է փաստաթղթում:

Բացի դրանից, G20-ի երկրները պայմանավորվել են ստեղծել խումբ, որը կհետևի էներգետիկայի շուկայում ստեղծված իրավիճակին: Խումբը բաց է G20 երկրների էներգետիկայի բոլոր նախարարների համար, և նախագահելու է Սաուդյան Արաբիան:

G20-ի էներգետիկ շուկայի վիճակի վերաբերյալ հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելի վաղ գումարվել:

Նախօրեին նավթարդյունահանող երկրները՝ ՕՊԵԿ + -ի մասնակիցները, պայմանավորածություն են ձեռք բերել` նավթարդյունահանումը նվազեցնելու մասին: Համաձայնագիրը ուժի մեջ կլինի երկու տարի` մինչև 2022 թ. մայիսի 1-ը: Առաջին երկու ամիսներին կրճատումը կկազմի օրական 10 միլիոն բարել, տարվա երկրորդ կեսին՝ ութ միլիոն, 2021 թվականին՝ վեց միլիոն բարել:

Գործարքին մասնակցում են 23 պետություններ, այդ թվում ՝ ՕՊԵԿ-ի տասը անդամ: