Եվրամիության ապակազմավորմանն ուղղված հերթական քայլը

Մի քանի տարի շարունակ Եվրամիության շրջանակներում բուռն քննարկումներ են ընթանում միասնական միգրացիոն քաղաքականության մշակման և իրագործման ուղղությամբ, որոնք, սակայն, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն հանգեցրել։ Դա ամենևին էլ տարօրինակ չէ և նույնիսկ բնական է, քանի որ այս եվրոպական կառույցը ստեղծվել ու գործում է զուտ տնտեսական հիմունքներով, իսկ երկրների միավորման այլ բաղկացուցիչները՝ մշակութային, ռազմական, արտաքին քաղաքական և այլն, դեռ այդպես էլ չի հաջողվել ամբողջականացնել։

Ինչպես ասում են, «բանը հասավ դիվան-բաշուն», և միգրացիոն հոսքերի կարգավորման քաղաքական, սոցիալական և այլ հարցերի լուծման գործընթացը փորձում է ստանձնել Միացյալ ազգերի կազմակերպությունը, որը մշակել ու ՄԱԿ-ի անդամ երկրներին է առաջարկել «Միգրացիայի գլոբալ պայմանագիրը»։ Տվյալ փաստաթղթի համատեղ ստորագրումը նախատեսվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-11-ին Մարաքեշում (Մարոկո) կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջկառավարական կոնֆերանսի շրջանակներում։

Հիշյալ պայմանագրի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա․ Գուտերիշը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես նշված է․ «Ես կոչ եմ անում կառավարություններին, մասնավոր սեկտորին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին ու տարածաշրջանային կազմակերպություններին իրենց վրա վերցնել միգրացիայի դրական կողմերի առավելագույնս օգտագործման պարտավորությունները և նվազեցնել անօգուտ որոշումների ու համագործակցությունից հրաժարվելու բացասական հետևանքները»։

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ ԵՄ որոշ երկրներ, որոնք ներկա իրականության մեջ առավել չափով են կրում միգրացիոն ծանրաբեռնվածությունը, նշված փաստաթղթի դրույթները գնահատում են որպես տնտեսական ու սոցիալական վտանգներով հղի սպառնալիք իրենց ներքին կայունությանը, և, որ ամենակարևորն է, դա համարում են ինքնիշխանության հիմքերի սահմանափակում։

Վերջին օրերին նմանաբնույթ հայտարարություններով հանդես են եկել ԵՄ-ն մի շարք երկրների ղեկավարներ ու քաղաքական գործիչներ։ Մասնավորապես՝ Չեխիայի վարչապետ Ա․ Բաբիշը կոչ է արել չստորագրել «Միգրացիայի գլոբալ պայմանագիրը», նշելով, որ «Մեր փոխարեն որևէ մեկը չի կարող որոշել, թե մենք ում հետ պետք է ապրենք և աշխատենք»։ Փոխարենը նա առաջարկել է միգրացիոն հիմնախնդիրների լուծման իր տարբերակը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում սպառազինության վրա տարեկան ծախսվում է շուրջ 1,75 տրիլիոն դոլար, որի 1 տրիլիոն դոլարը կարելի է ներդնել աղքատ երկրների բնակչության կարիքների համար, ինչն էապես կնվազեցնի միգրացիոն գործընթացները։ Պայմանագրի ստորագրմանը դեմ է հանդես եկել նաև Չեխիայի նախագահ Մ․ Զեմանը, որին առանձնապես դուր չի եկել լեգալ և ոչ լեգալ միգրանտների տարանջատման սկզբունքը։

Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես հրաժարվելով պայմանագրի ստորագրումից, իր անհամաձայնությունն այդ առնչությամբ հիմնականում բացատրում է միգրացիոն քաղաքականության հարցում երկրի ինքնիշխանության սահմանափակմամբ։ Երկրի կանցլեր Ս․ Կուրցը հորդորել է միգրացիան չնույնացնել մարդու իրավունքների հետ ու չքողարկել մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների միջազգային նորմերով։

Խորվաթիայի նախագահ Կ․ Գրաբար-Կիտարովիչը հրապարակայնորեն հանդես է եկել հետևյալ միանշանակ հայտարարությամբ․ «Վստահ եղեք, որ ես Մարաքեշի համաձայնագիրը չեմ ստորագրելու»։

Հունգարիայի արտգործնախարարը անթույլատրելի է համարել փաստաթղթի ընդունումը, նշելով, որ դա սպառնալիք է երկրի շահերին ու խաթարում է պետության անվտանգությունը։ Ավելին․  երկրի վարչապետ Վ․ Օրբանը նույնիսկ կիսասպառնալից տոնով ասել է, թե «շուտով իսլամը կբախի Կենտրոնական Եվրոպայի դռները»։

Բավական ուշագրավ է պաշտոնական Գերմանիայի մոտեցումը քննարկվող խնդրի շուրջ։ Երկրի կանցլեր Ա․ Մերկելը և արտգործնախարար Հ․ Մաասը ոչ միայն տվել են իրենց համաձայնությունը միգրացիոն փաստաթղթին, այլև ջերմեռանդորեն կոչ են անում այլ երկրներին համաձայնության գալու։ Այստեղ պետք է նկատել, որ Գերմանիան արդեն իսկ գտնվում է միգրացիոն «ծանր լծի տակ» (ինչի վառ վկայություններն են երկրի առողջապահության նախարարի ու մի շարք այլ պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հնչեցրած մտահոգությունները), հետևաբար ցանկանում է այդ «լուծը» կիսել այլ երկրների հետ։

Հատկանշական և երկրի ներքաղաքական ուղեգծին համահունչ է նաև ԱՄՆ-ի վերաբերմունքը միգրացիոն փաստաթղթի նկատմամբ։ Միացյալ Նահանգներն ակտիվ մասնակցություն ունեին փաստաթղթի մշակման սկզբնական փուլում, սակայն Դ․ Թրամփի ընտրվելուց հետո, այդ վերաբերմունքը բևեռայնորեն փոխվեց և, ըստ էության, ԱՄՆ-ը դարձավ առաջին երկիրը, որը հրաժարվեց միանալ «Միգրացիայի գլոբալ պայմանագրին»։

Որոշ եվրոպական երկրներ էլ դեռ շարունակում են քննարկումներն այս հարցի իրավական ու քաղաքական կողմերի շուրջ։ Մասնավորապես՝ Էստոնիայի նախագահ Կալյուլայդը նշել է, թե ինքն ընդհանրապես կհրաժարվի Մարաքեշ մեկնելուց, եթե իր երկրի կառավարությունն ու խորհրդարանն այս հարցում չգան համաձայնեցված եզրակացության։

Կառավարության ու խորհրդարանի համատեղ տևական քննարկումների արդյունքում Բուլղարիան ևս պատրաստվում է չմիանալ «Միգրացիայի գլոբալ պայմանագրին»։

Ըստ նախնական տվյալների, պայմանագրի ստորագրումից հրաժարվելու մտադրություն ունեն նաև Իտալիան ու Լեհաստանը, ինչպես նաև Ավստրալիան։

Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի բանաձևերն ու նման փաստաթղթերը իրավական ուժ չունեն և չեն ենթադրում կատարման պարտավորություններ, հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ են դրանք մշակվում, ներկայացվում վավերացման տարբեր երկրների կողմից, և հատկապես ինչո՞վ բացատրել երկրների իշխանությունների «խուճապային» տրամադրություններն այդ փաստաթղթերի նկատմամբ վերաբերմունքի դրսևորման հարցում։ Արդյոք այս ամենն արվում է, որպեսզի մեկ անգամ ևս ի ցույց դրվի ՄԱԿ-ի «իրավական անգործունյակարգավիճա՞կը», թե սա ԵՄ-ի երկրների միջև անհամաձայնությունների խորացմանը, էլ ավելի տարանջատմանն ու ԵՄ-ի՝ որպես ամբողջական կառույցի, ապակազմավորմանը միտված հերթական քայլն է։

 

Լևոն Անդրիասյան