ԱԺ-ն առանց ընդդիմության՝ առաջին ընթերցմամբ ընդունեց տապալված փաթեթը. երկրորդ ընթերցումը՝ երեկոյան

Ազգայիին ժողովն այսօր՝ մարտի 31-ին արդեն երկրորդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը:

Առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն էր, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել էր:

Նշենք, որ արտահերթ նիստն անցավ առանց ընդդիմության ներկայացուցիչների:

Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին: