Իրանը քամուն չի տալիս ԱՄՆ-ից վրեժ լուծելու մասին իր խոսքերը

Իրանը գնալով ավելի մեծ հարգանքի է արժանանում։ Այս երկրի ղեկավարները լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց խոսքերը քամուն չեն տալիս։

ԱՄՆ-ի կողմից մեկ այլ, դե յուրե ինքնիշխան պետության (Իրաքի) տարածքում պետական մակարդակով իրականացված միջազգային ահաբեկչության առնչությամբ դեռ հունվարի 14-ի մեր մի հրապարակմամբ կանխատեսել էինք, որ իր վրեժը լուծելու Իրանի հիմնական գործողությունը դեռ առջևում է, Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար կարող են վերածվել դժոխքի։ Ընդ որում, ավելի հավանական էինք համարել, որ Իրաքում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում և այլուր ԱՄՆ-ի զինված ուժերին, ինչպես նաև Իսրայելին հարվածները հասցվեն Իրանի ազդեցության ոլորտում գտնվող Իրաքի և Լիբանանի շիաական շարժումների, կազմակերպությունների միջոցով:

Օրերս մեր մեկ այլ հոդվածի հենց վերնագրով այն համոզմունքն էինք հայտնել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի վրա դեռ շատ թանկ է նստելու։ Այդ մասին են վկայում վերոնշյալ հոդվածին նախորդած ու հաջորդած իրադարձությունները։

Հունվարի 26-ի երեկոյան Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ հերթական հարձակումն է իրականացվել, ծանր վիրավորում են ստացել դեսպանատան աշխատակիցներից հինգը: Նմանաբնույթ նախորդ հարձակումը տեղի էր ունեցել հունվարի 20-ին։ Հարձակումից հետո ամերիկյան ուղղաթիռները տարհանել են դեսպանատան աշխատակիցներին:

Ամերիկյան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված «Գրադ»-ի կամ դրան նման ռեակտիվ արկը հարվածել է Բաղդադում գտնվող դեսպանատան շենքին, սակայն զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալներ չի հաղորդել:

Կիրակի երեկոյան «Գրադ»-ից կամ դրան նման համակարգից հինգ արկ է արձակվել Բաղդադի կենտրոնում գտնվող կանաչ  գոտու ուղղությամբ, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի և այլ երկրների դեսպանատներ։

Հենց նույն օրը Իրաքի «Հըզբոլահ»-ի հրթիռային ստորաբաժանումը մի հաղորդագրությամբ հայտարարել էր, որ պատրաստ է հարձակում կատարել թշնամու դիրքերի դեմ և որևէ «Պատրիոտ» համակարգ չի կարող կասեցնել այդ հարձակումները: Իրաքի «Հըզբոլահ»-ի գումարտակները հայտարարել են, որ պատրաստ են հարվածել ամերիկյան զինուժին Իրաքում, պատերազմել այդ երկրի բանակի դեմ Արևմտյան Ասիայում:

Հունվարի 20-ին «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը հրապարակել էր Իրաքի «Հըզբոլահ»-ի գումարտակների հրամանատարի հայտարարությունը․ «Իրաքի «Հըզբոլահ»-ի գումարտակներն ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-ի զորուժի տեղաշարժերին»: Դրանից 2 օր առաջ Իրաքի միլիոնավոր բնակիչներ դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով այդ երկրից ամերիկյան զինուժի դուրսբերումը: Իրաքի ժողովուրդն իր ատելությունն է հայտնել ԱՄՆ-ի նկատմամբ և այդ երկրին կոչ է արել իր զորքերը դուրս բերել Իրաքից:

Երեք օր անց՝ հունվարի 23-ին, տեղի է ունեցել մի բավական ուշագրավ հանդիպում․ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի դուստր Զեյնաբ Սուլեյմանին հանդիպել է Լիբանանի «Հըզբոլահ»-ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին: Կարելի է հասկանալ կամ գոնե կռահել, թե ինչի մասին են զրուցել նրանք, պայմանավորվել կամ որոշել միասին։ Կարծում ենք, Դիմադրության շարժման մեջ Լիբանանի «Հըզբոլահ»-ի ձայնն առաջիկայում ավելի բարձր կլսենք։

Հունվարի 25-ին Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է․ «ԱՄՆ-ի պետական ահաբեկչության արդյունքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս»  ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը տվեց արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռեժիմի ներկայությանը վերջ դնելու մեկնարկը»։ Իրանի արտգործնախարարի տեղակալն ԱՄՆ-ին հիշեցրել է Իրաքում ժողովրդի բազմամիլիոնանոց ցույցերի ու դրանց պահանջի մասին։

Իր հերթին, Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին օրերս ընդգծել է գեներալ Սուլեյմանիի սպանության առնչությամբ ԱՄՆ-ի նկատմամբ իրավական հետապնդում իրականացնելու անհրաժեշտությունը։ Իրանի դատական իշխանության ղեկավարը երկրի գերագույն դատական խորհրդի նիստում ընդգծել է, որ նահատակ Ղասեմ Սուլեյմանիին սպանողները շուտով պատասխան են տալու, նրանց հետ Իրանի դատական իշխանությունը վաղ թե ուշ հանդիպելու է ոչ թե բանակցությունների, այլ դատավարության և պատժի համար:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հունվարի 27-ին հակադարձելով ԻՀՊԿ-ի հրամանատարներին սպանելու կապակցությամբ ԱՄՆ-ի  սպառնալիքին և ընդգծելով, որ ԱՄՆ-ը պետք է զգույշ լինի իր քայլերից, հավելել է. «Նրանք, ովքեր իրանցի հրամանատարներին սպառնում են սպանել, եթե ողջ մնան, անպայման կզղջան դրա համար․․․ Իսլամական Հանրապետության թշնամիները գիտեն, որ եթե սպառնան սպանել իրանցի հրամանատարներին, նրանց հրամանատարի կյանքը անվտանգ չի լինի»:

«CNN News»-ի լրագրող Բարբարա Սթարը «Twitter»-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը խուսափել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե «Այն Ալ-Ասադ»-ի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով քանի զինվոր է վիրավորվել:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի կառավարությունը փորձում է գաղտնի պահել Իրանի հրթռիային հարձակման հետևանքով վիրավորների մասին տեղեկատվությունը, հայտարարել է, որ զինվորների մոտ առկա են միայն գլխացավեր:

Մինչդեռ, առկա տեղեկությունների համաձայն, «Այն Ալ-Ասադ» ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակման հետևանքով վիրավորվել են մեծ թվով ամերիկացի զինծառայողներ, որոնք ավելի ուշ ուղղաթիռներով տեղափոխվել են Բաղդադի և Գերմանիայի ամերիկյան հիվանդանոցներ: Ի վերջո, այսօր առավոտյան Պենտագոնը հայտարարել է, որ «Այն ալ Ասադ» ռազմաբազայի դեմ իրականացված հրթռիային հարձակման հետևանքով վիրավորվել է 50 զինծառայող: Պենտագոնի մամուլի քարտուղար Թոմաս Քեմփբելը հայտարարել է. «Մինչ այս պահը, գլխուղեղային վիրավորում է ախտորոշվել 50 զինվորի մոտ»:

Արթուր Հովհաննիսյան