Լեգենդար գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի վրա դեռ շատ թանկ է նստելու

Լեգենդար գեներալ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի վրա դեռ շատ թանկ է նստելու

Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի վրա դեռ շատ թանկ է նստելու:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու Միացյալ Նահանգների կողմից մեկ այլ, դե յուրե ինքնիշխան պետության (Իրաքի) տարածքում պետական մակարդակով իրականացված միջազգային ահաբեկչության առնչությամբ դեռ հունվարի 14-ի մեր մի հրապարակմամբ կանխատեսել էինք, որ իր վրեժը լուծելու Իրանի հիմնական գործողությունը դեռ առջևում է, Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար կարող են վերածվել դժոխքի:

Միաժամանակ այն միտքն էինք արտահայտել, որ Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հրթիռային հարվածներ հասցնելուց հետո, Իրանը դժվար թե մոտ ապագայում թշնամուց դաժան վրեժ լուծի անմիջականորեն, այսինքն` ԱՄՆ-ի ռազմաբազաներին, բանակին հարվածներ հասցնելով հենց իր Զինված ուժերի գործադրմամբ, և որ ավելի հավանական է Իրաքում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում և այլուր ԱՄՆ-ի զինված ուժերին, ինչպես նաև Իսրայելին հարվածները հասցվեն Իրանի ազդեցության ոլորտում գտնվող Իրաքի և Լիբանանի շիաական շարժումների, կազմակերպությունների միջոցով: Մեր այս կանխատեսումը կարծես թե իրականանում է:

Դեռ ավելի վաղ, հունվարի լույս 8-ի գիշերն Իրանի հարձակումից ժամեր հետո, հունվարի 8-ի ցերեկով հրթիռային հարված էր հասցվել Բաղդադի Ալ-Խազրա (կանաչ) շրջանին, որը պահպանված շրջան է, և որտեղ գտնվում են տարբեր երկրների դեսպանատներ ու կառավարական վարչական շենքեր: «Գրադ»-ի ռեակտիվ արկերի նման առնվազն երկու արկ է ընկել այս շրջանում, հնչել են տագնապի ազդանշանները:

Հունվարի 13-ին լրատվամիջոցները հայտնեցին Բաղդադի հյուսիսում, Էդ- Դուջեյ շրջանում (Սալախ-էդ-Դին գավառ) գտնվող «Բալադ» ավիաբազայի նկատմամբ նախօրեին իրականացված հրթիռային հարձակման մասին: Այս ռազմաբազայում տեղակայված են իրաքյան ու ամերիկյան ուժեր: Հարվածները հասցվել են թռիչքուղուն և ավիաբազայի մուտքի գոտուն: Իրաքյան լրատվամիջոցների տեղեկացմամբ, ութ հրթիռ է արձակվել: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, հարձակման հետևանքով վիրավորվել են 4 իրաքցի զինծառայող: Դժվար է ասել` սա տուժածների իրակա՞ն քանակն է, և նրանց մեջ չկա՞ն արդյոք ամերիկյան զինծառայողներ…

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոյին զայրացրել է նշված ռազմաբազայի վրա կատարված հարձակումը, նա Իրաքի կառավարությանը կոչ է արել (իրականում` Իրաքի կառավարությունից պահանջել է) պատասխանատվության ենթարկել հարձակման պատասխանատուներին, նաև հույս հայտնել, որ վիրավորները հնարավորինս շուտ կապաքինվեն: ԱՄՆ պետքարտուղարի պնդմամբ, հարձակումն այն խմբերի գործն է, որոնք հավատարիմ չեն Իրաքի կառավարությանը: Հիշենք, որ «Բալադ» ավիաբազան հունվարի 4-ին արդեն ենթարկվել էր հրթիռային հարձակման, ինչի հետևանքով տուժել էր առնվազն երեք զինծառայող:

Հունվարի 14-ին Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները հայտնել են Իրաքում, Բաղդադից մոտ 27 կմ հյուսիս գտնվող Թաջի քաղաքի ռազմաբազայի հրթիռակոծման մասին: Այնտեղ տեղակայված են մասնավորապես ամերիկյան զորքերը: Զոհերի մասին չի հաղորդվել:

Հունվարի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս»  հատուկ նշանակության ստորաբաժանման նոր հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանին հիշյալ պաշտոնում իր նշանակվելու արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է. «Աշխարհի ազատատենչները թշնամիներից վրեժ են լուծելու գեներալ Սոլեյմանիի հեղված արյան համար»:

Նշելով, որ թշնամիները ռազմաճակատում գեներալ Սոլեյմանիի հետ բախվելու կարողություն չունեին, նորանշանակ գեներալն ընդգծել է. «Իրանի թշնամիները բռնությունից բացի, այլ լեզու չեն հասկանում, ուստի պետք է դիմակայել նրանց»:

Նույն օրը Բաղդադի Կանաչ գոտին, որն անվտանգության գոտի է համարվում, և որտեղ գտնվում են ԱՄՆ-ի դեսպանատունը, Իրաքում գործող այլ դեսպանատներ և միջազգային մի շարք կազմակերպությունների գրասենյակներ, դարձյալ հրթիռային հարձակման է ենթարկվել: Տարածքում ընկել են երկու կամ 3 հրթիռ: Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման, հարձակման հետևանքով ԱՄՆ-ի դեսպանատան ազդանշանային համակարգը միացել է: Իրաքի անվտանգույան ուժերը սկսել են հարձակման հետաքննությունը:

Հենց այդ օրն Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանելու է ցանկացած սպառնալիքի», ապա հավելել, որ «Պաշտպանական ուժը վստահություն է առաջացնում բոլոր ոլորտներում և ենթահող ստեղծում իսլամական համակարգում հզորության այլ գործոնների զարգացման համար»:

Իրանի հրթիռային հարձակման հետևանքով ամերիկացի վիրավորների մասին վերջին տվյալները

Իսկ այսօր հայտնի դարձան Իրանի հրթիռային հարձակման հետևանքով ամերիկացի վիրավորների վերաբերյալ վերջին տվյալներն ըստ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային, այսպես կոչված, հակաիլիպական կոալիցիայի: Նշված կոալիցիայի հրամանատարի օգնական, գեներալ Ալեքաս Գրինկովիչը նոր տվյալներ է հրապարակել Իրաքում ամերիկյան «Այն-Ալ-Ասադ» ավիաբազայի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվածների մասին: «Farn policy» երկամսաթերթին տված հարցազրույցում նա նշել է, որ ուղեղային վնասվածքի հետևանքով բուժում ստացող զինծառայողների թիվը 13-ից հասել է 19-ի:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը` Centcom-ը, երեկ հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է, որ ավելի մեծ թվով զինծառայողներ բժշկական ստուգումների համար ուղարկել են Գերմանիա: Centcom-ն այլ մանրամասներ չի հրապարակել, սակայն հավելել է, որ առաջիկայում, հնարավոր է, ավելի մեծ թվով վնասված զինծառայողներ բացահայտվեն:

ԱՄՆ զինծառայողների կրած վնասների վերաբերյալ տվյալները գաղտնի պահելն անցած օրերի ընթացքում դարձել է շրջանառվող թեմա վիրտուալ միջավայրում և ամերիկացի վերլուծաբանների ու ակտիվիստների շրջանակում:

Արթուր Հովհաննիսյան