Իր վրեժը լուծելու Իրանի հիմնական գործողությունը դեռ առջևում է, Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար կարող են վերածվել դժոխքի

ԱՄՆ-ի ռազմագործողության արդյունքում նահատակված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, ինչպես արդեն հայտնի է, շատ մեծ կարևորություն ուներ Իրանի համար: Անդրադառնալով Պաղեստինում, Իրաքում, Սիրայում ու Լիբանանում ԱՄՆ-ի պլանները ձախողելու գործում գեներալ Սուլեյմանիի որոշիչ դերակատարությանը, Իսլամական հեղափոխության և ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ասել է. «Լեգենդար գեներալ նահատակ Սուլեյմանին կանգնեց ամերիկացիների փողերով, կարողություններով և քաղաքական ազդեցությամբ ձևավորված բոլոր պլանների դիմաց, դրանք բոլորը չեզոքացրեց ու ձախողման մատնեց»:

Մեր հրապարակումներից մեկով արդեն նշել ենք, որ ԱՄՆ-ն այսպիսով անխուսափելի դարձրեց ոչ թե Իրանի ազդեցության ոլորտում գտնվող շիաական կազմակերպությունների, այլ հենց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ամերիկյան թիրախներին հարվածելը, ինչը և տեղի ունեցել հունվարի լույս 8-ի գիշերը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ սկսել է «Նահատակ Սուլեյմանի» ռազմական գործողության իրականացումը: Առաջին փուլում, Իրանի տեղական ժամանակով ժամը 01:20-ից (Մոսկվայի ժամանակով 01:50) սկսած, «երկիր-երկիր» դասի 15 բալիստիկ հրթիռ է արձակել Իրաքի Ալ Անբար նահանգում տեղակայված Միացյալ Նահանգների Այն-ալ-Ասադ ավիաբազայի, ինչպես նաև իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանում գտնվող ամերիկյան հենակետի վրա: Իրանի հրթիռային հարձակման առաջին ալիքին որոշ ժամանակ անց հաջորդել է երկրորդը: Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական աղբյուրների, արձակվել է 22 բալիստիկ հրթիռ: Դրանց մեծ մասը եղել են կարծր վառելիքով աշխատող «Fateh-313» հրթիռները (այլ աղբյուրների համաձայն` «Fateh-110»):

ԻՀՊԿ-ի իրականացրած հարձակման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հակասական է: ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդման համաձայն, այդ 15 հրթիռներից 11-ն է հասել թիրախներին, որոնք, սակայն, էական վնաս չեն պատճառել, ամերիկյան որևէ զինծառայող չի զոհվել, քանի որ նրանց հաջողվել է ժամանակին պատսպարվել: Իրաքի անվտանգության ծառայության վրա հղում կատարելով, CNN-ը հայտնել է, որ տուժել են մի քանի իրաքցիներ:

Ըստ իրանական աղբյուրների, սպանվել է ամերիկյան ավելի քան 80 զինծառայող, 200-ը վիրավորվել են: ԻՀՊԿ պաշտոնյաներից մեկը «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ «Հավաստի տեղեկությունների համաձայն, ամերիկյան ուղղաթիռներն այս գործողությունցի հետո վիրավորներին հեռացրել են Իրաքի Ալ Անբար նահանգի Այն-ալ-Ասադ ռազմաբազայից»:

Իրանցի պաշտտոնյայի հավաստմամբ, ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ռազմաբազայի (այնտեղ տեղակայված են անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ) 20 կարևոր կետերը հրթիռակոծվել են ԻՀՊԿ-ի կողմից: Նա հավելել է, որ «Հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են մի քանի ամերիկյան ուղղաթիռներ ու ԱԹՍ-եր»:

Հաղորդումների համաձայն, ամերիկյան ուժերը վիրավորներին ու սպանվածներին հնարավորինս շուտ դուրս են բերել ռազմաբազայից, որպեսզի նրանց հստակ թիվը հնարավոր չլինի պարզել:

Հաղորդվում է նաև, որ պահակազորի արձակած հրթռներից ոչ մեկը չի խոցվել ԱՄՆ-ի ՀՕՊ համակարգերի կողմից, բոլոր հրթռիները հարվածել են նշանակետերին: Հղում կատարելով Իրաքում գտնվող ամերիկյան աղբյուրի հայտարարության վրա, իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ԻՀՊԿ-ի իրականացրած հրթռիային հարձակման հետևանքով, ոչնչացվել է Այն-ալ-Ասադ ռազմաբազայի ռադարային համակարգը:

Աղբյուրը հավելել է. «Քանի որ ամերիկյան ՀՕՊ համակարգերը չեն կարողացել ոչնչացնել իրանական հրթռիները, դրանց հաջողվել է վնասել ռազմաբազայի կարևոր ենթակառուցվածքները»:

Դարձյալ ըստ իրանական ԶԼՄ-ների, հունվարի 8-ին մի իսրայելցի լրագրող հայտնել է, որ 224 վիրավոր ամերիկացի զինծառայողներ տեղափոխվել են Թել Ավիվ՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով:

ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն  անդրադառնալով ամերիկյան ռազմաբազաների դեմ իրականացված հրթիռային հարձակմանը, ասել է. «Չնայած գեներալ Սուելյմանիի արյունը շատ թանկ էր ամերիկացիներին տարածաշրջանից վտարելու համար, սակայն վերջին գործողությունն այդ գործընթացի սկիզբն է»:

Անդրադառնալով Այն-ալ-Ասադ ավիաբազայի դեմ ԻՀՊԿ հրթռիային հարձակմանը, գեներալը նշել է. «Այն-ալ-Ասադն Իրաքում ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է և Իրանի տարածքից ամենամեծ հեռավորության վրա գտնվողը: ԻՀՊԿ գործողության ընթացքում կիրառվել են «Fateh-313» և «Qiam-1» հրթիռները»:

Հաջիզադեն հավելել է. «Հարձակումից անմիջապես հետո ամերիկացիներն առնվազն 9 թռիչք են իրականացրել՝ վիրավորներին Հորդանան տեղափոխելու նպատակով: Իսկ վիրավորների մի մասն էլ «Chinook» ուղաթիռներով տեղափոխվել է Բաղդադում գտնվող ամերիկյան հիվանդանոց»:

Վերոնշյալ հարձակմամբ Իրանի նպատակը ԱՄՆ-ի դեմ պատերազմ սկսելը չի եղել: Հունվարի 8-ի երեկոյան ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի ահաբեկչական քայլին ԻՀՊԿ-ի տված պատասխանին, ասել է. «Իրանը ձգտում է տարածաշրջանում կայունություն հստատել և պատերազմելու մտադրություն չունի»:

Իրանի նպատակը եղել է ընդամենը վրեժ լուծելը, ավելի ճիշտ, աշխարհին և, հատկապես, իր բնակչությանը ցույց տալը, որ վրեժ լուծեց, այսինքն` հարձակումը ռազմական նպատակ գրեթե չի ունեցել, ունեցել է հիմնականում քաղաքական նպատակ, եթե, իհարկե, ճիշտ են հարձակման հետևանքների վերաբերյալ ամերիկյան տեղեկությունները: Այլ խնդիր է` արդյոք կշարունակվե՞ն վրեժի գործողությունները հետագայում` ունենալով արդեն անհամեմատ լուրջ բնույթ, թե Իրանի վրեժառությունն արդեն կարելի է համարել ավարտված: Ի դեպ, ըստ միջազգայնագետ, ֆեյսբուքյան օգտատեր Աննա Աբրահամյանի, «Քենյայում ԱՄՆ ռազմաբազայի դեմ Ալ–Շահաբ շիիտական ստորաբաժանման հարձակման ժամանակ զոհվել են երկու պայմանագրային ծառայողներ և Գեներալ Սթիվըն Թաունսենդը, ինչի մասին չեն բարձրաձայնում արևմտյան մամլո միջոցները:

**Իրանական և արաբական աղբյուրներն այս իրադարձությունը գնահատում են որպես «գեներալ` գեներալի դիմաց» բանաձևի տրամաբանությամբ իրականացված, հատուկ թիրախավորված գործողություն, ինչը վկայում է, որ պրո–իրանական ուժերն աշխատում են մաքսիմալ կարգապահությամբ` ղեկավարվելով Թեհրանից»:

Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, Իրանի վրիժառությունը միգուցե կարելի է համարել ավարտված: Ռազմական փորձագետներն ու վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Իրանը հրթիռային հարձակումը կատարել է գիշերը, մինչդեռ եթե այն ցերեկով կամ երեկոյան կատարեր, ամերիկյան զինվորականներին ավելի մեծ վնաս կպատճառեր թե մարդկային, թե ռազմական տեխնիկայի կորուստների առումով, այսինքն` Իրանն ի սկզբանե չի ունեցել ԱՄՆ-ին լուրջ վնաս պատճառելու մտադրություն: Ռուսական փորձագետ Ֆյոդր Լուկյանովն Իրանի հրթիռային հարձակումը համարել է ավելի շուտ խորհրդանշական բնույթ ունեցող, ըստ նրա, իրանական կողմը չի ցանկացել իրական վնաս պատճառել ԱՄՆ-ին, հարվածի նպատակը եղել է ցուցադրական:

Ըստ CNN հեռուստաալիքի փորձագետների, Իրանը ԱՄՆ-ի զինվորականների զանգվածային սպանության մտադրություն չի ունեցել, հարձակումը դարձել է ավելի քաղաքական, քան ռազմական: Բացի այդ, վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի այն հայտարարության վրա, որ Թեհրանի գործողությունները թելադրված են ոչ թե հակամարտությունը զարգացնելու, այլ միայն ագրեսիային արձագանքելու ցանկությամբ:

Ավելին. Իրանը բարեկամ ու հարևան երկիր Իրաքի ռազմաքաղաքական ղեկավարությանը նախապես հաղորդելով իր հարձակման մասին, նույնիսկ նշելով, թե ամերիկյան հատկապես որ ռազմաբազաներն է հրթիռակոծելու (արտաքուստ սա կարելի է պատճառաբանված համարել նրանով, որ Այն-ալ-Ասադ ռազմաբազայում ծառայում էին, կային նաև իրաքյան զինվորականներ), չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ այդ տեղեկատվությունը կարող է կամ որսվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական հզոր ծառայությունների կողմից, կամ էլ հենց Իրաքի կողմից փոխանցվել ԱՄՆ-ին, քանի որ վերջինս կարող էր պարզապես վախենալ Միացյալ Նահանգների պատժից, եթե վերջինս իմանար Իրանի կողմից հիշյալ տեղեկատվությունն Իրաքին փոխանցելու և Իրաքի կողմից այդ մասին իրեն չհայտնելու, թաքցնելու մասին:

Արաբական դիվանագիտական ​​աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Իրաքը նախազգուշացրել էր ԱՄՆ-ին այն մասին, թե «որ բազաներն են հարվածի ենթարկվելու»: Նշված հեռուստաալիքի հաղորդման համաձայն, ԱՄՆ զորքերն իրանական կողմի մոտալուտ հարձակման մասին նախազգուշացվել են դեպքից 2 ժամ առաջ ու հասցրել են թաքնվել ռմբապաստարաններում: Ինչպես պարզել է հեռուստաալիքը, զինծառայողների մեծ մասը անմիջապես փախել է ռազմաբազայից, նրանք ուղղաթիռներով արագորեն տարհանվել են, իսկ մյուսները ապաստանել են բունկերներում:

Ըստ CNN-ի, սպաներն անվանել են «հրաշք», որ պայթյունի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել: Որոշ հրթիռներ ընկել են ռմբապաստարաններից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Ըստ նրանց, հրթիռակոծումը տևել է մոտ 2 ժամ և ուղղված է եղել ավիաբազայի միայն ամերիկյան տարածքին:

Բացի Իրանի հրթիռային հարձակման մասին Իրաքից նախազգուշացված լինելուց, Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերը Իրանի հրթիռների արձակման մասին նախազգուշացվել են նաև հրթիռների արձակման նախազգուշացման ամերիկյան համակարգի շնորհիվ: Այս մասին հաղորդվել է NBC հեռուստաալիքի հետաքննության ընթացքում: Վերոնշյալ համակարգն ամբողջ աշխարհում ներառում է արբանյակներ, ռադարային կայաններ, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության կողմից ղեկավարվող «գաղտնի օբյեկտ», որը դեռ Սառը պատերազմի ժամանակ է ստեղծվել ու գտնվում է Մերիլենդ նահանգում: Այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ-ի ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան սպան:

Հրթիռների արձակման նախազգուշացման ամերիկյան համակարգը, սակայն, ԱՄՆ-ի զինվորականների կյանքը չէր կարողանա փրկել կամ ԱՄՆ-ի կորուստները հասցնել նվազագույնի, եթե Միացյալ Նահանգներն Իրաքի կողմից նախազգուշացված չլիներ: Իրաքը նախազգուշացրել է հարձակումից 2 ժամ առաջ, մինչդեռ հիշյալ համակարգը` միայն հրթիռների արձակումից հետո, այսինքն` դրանցով թիրախների խոցումից ընդամենը րոպեներ առաջ:

Հարկ է նշել նաև, որ և՛ Այն-ալ-Ասադի ռազմաբազան, և՛ Էրբիլի օդանավակայանն ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ներքո չեն եղել, քանի որ ԱՄՆ-ն Իրաքի տարածքում գտնվող այդ օբյեկտների վրա հարձակման չի սպասել ինչպես իր գաղութացրած Իրաքից, այնպես էլ Իրաքին բարեկամ Իրանից: Իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն ԱՄՆ-ը տեղաբաշխել է Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, արաբական այլ պետություններում, Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիայի ավիաբազայում, դրանցից վաճառել կամ նվիրել է Իսրայելին` նշված վայրերում սպասելով Իրանի հավանական հարվածներին, սակայն Իրաքի իր ավիաբազաները պաշտպանելու համար այդ երկրում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չի տեղադրել:

Թե ինչու ԱՄՆ-ը Իրանի հրթիռակոծումից հետո հարվածներ չհասցրեց իրանական թիրախներին և բավարարվեց միայն այդ պետության դեմ նոր ու դաժանագույն պատժամիջոցների կիրառմամբ, բացատրելի է իրանական հարվածի պատճառած վնասների վերաբերյալ ինչպես իրանական, այնպես էլ դրան հակասող ամերիկյան տեղեկատվության պարագայում: Ինչպես «Ֆարս» գործակալությանն ասել է ԻՀՊԿ պաշտոնյաներից մեկը, այս տարածքում իրենց նշանառության տակ են գտնվում ԱՄՆ-ի 104 թիրախներ, և եթե ԱՄՆ-ը դիմի պատասխան քայլի, դրանք բոլորը կոչնչացվեն: Բացի այդ, Իրանը շատ որոշակի սպառնաց, որ եթե ԱՄՆ-ն արձագանքի հարձակումներին, ապա հրթիռային երրորդ հարձակումը կուղղվի Իսրայելի Հայֆա քաղաք և ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայ: ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական Համիդռեզա Մողադամֆարը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Եթե ԱՄՆ-ը դիմի պատասխան քայլի, Արևմտյան Ասիայի ողջ տարածքում այդ երկրի բոլոր բազաները կրակի կմատնվեն»:

ԱՄՆ-ում նույնպես քաջ գիտակցում են, որ Իրանի վրա հարձակվելու պարագայում փոխադարձ մարդկային ու նյութական կորուստներն անհամեմատելի են լինելու Իրաքի, Հարավսլավիայի, Լիբիայի և Սիրիայի հանդեպ իր ագրեսիայի պատճառած կորուստների ու մնացյալ հետևանքների հետ, պատերազմի մասշտաբները լինելու են բոլորովին այլ:

Թեև հավանականությունը փոքր է, բայց բացառված չէ, որ Իրանն առաջիկայում ամերիկյան ռազմական թիրախներին նոր հարվածներ հասցնի և այս անգամ արդեն լուրջ կորուստներ պատճառի թշնամուն: Մանավանդ, որ Իրանի խորհրդարանը հիշյալ հարձակումից գրեթե անմիջապես առաջ միաձայն ընդունել է օրենք, որով Պենտագոնը և ԱՄՆ բանակը ճանաչել է ահաբեկչական կառույցներ, դրանով իսկ Իրանի Զինված ուժերին իրավունք վերապահելով հարվածներ հասցնելու նրանց, ընդ որում, աշխարհի ցանկացած վայրում:

Իրանի հրթիռային հարձակումից հետո ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, IRNA գործակալության հաղորդման համաձայն, Ղոմի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ գիշերվա գործողությունն ընդամենն ապտակ էին ԱՄՆ-ին, ապա ընդգծել. «Այս ռազմական գործողությունները բավարար չեն: Պետք է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար ներկայությանը»:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մոտ ապագայում ավելի դաժան վրեժ է լուծելու թշնամիներից»,- Իրանի հրթիռային հարվածից ժամեր հետո ճեպազրույցի ընթացքում, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Աբոլլահ Էրագին:

Թե որոշակի ինչի՞ մասին է խոսքը, Էրագին չի հստակեցրել:

ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ Իսլայիլ Քոսարին, իր հերթին, նույն օրը` հունվարի 8-ին, հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ավիաբազայի դեմ ԻՀՊԿ-ի իրականացրած հարձակումն առաջին քայլն է: «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Քոսարին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից և իմանան, որ Իրանը նրանց հանգիստ չի տա:

Դատելով ամենից, Իրանի վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները նախևառաջ արտահայտությունն են ԱՄՆ-ի դեմ Իրանի հոգեբանական պատերազմի, դրանք նպատակ ունեն լարվածության ու վախի մեջ պահել ամերիկյան զինվորականներին, նրանց մերձավորներին, միգուցե նաև ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Քիչ հավանական է, որ Իրանը մոտ ապագայում թշնամուց դաժան վրեժ լուծի անմիջականորեն, այսինքն` ԱՄՆ-ի ռազմաբազաներին, բանակին հարվածներ հասցնելով հենց իր Զինված ուժերի գործադրմամբ, ինչը կնշանակի ԱՄՆ-ին հիմք տալ Իրանի դեմ լայնամասշտաբ հարձակման կամ պատերազմի: Շատ ավելի հավանական է, որ Իրանը նախընտրի հիբրիդային պատերազմի տարբերակը և Իրաքում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում և այլուր ԱՄՆ-ի զինված ուժերին, ինչպես նաև Իսրայելին հարվածներ հասցնի ոչ թե անմիջականորեն` ԻՀՊԿ-ի և իր զինված ուժերի այլ կառույցների կողմից, այլ իր ազդեցության ոլորտում գտնվող Իրաքի և Լիբանանի շիաական շարժումների, կազմակերպությունների միջոցով: Այս վարկածի օգտին են մի շարք փաստեր, դրանց թվում մասնավորապես այն, որ Իրանը տիրապետելով բավարար հեռահարության ու թիրախները մեծ ճշգրտությամբ խոցելու ունակ թևավոր ու բալիստիկ հրթիռների, հակառակորդի կողմից դժվար հայտնաբերվող հարվածային անօդաչու թռչող սարքերի, հենց առաջին իսկ հարձակման ժամանակ դրանք լիարժեք գործադրելու պարագայում կարող էր ոչնչացնել ամերիկյան բազմահազար զինծառայողների, սակայն չգնաց այդ քայլին:

Արթուր Հովհաննիսյան