Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Իրաքում ՀՀ դեսպանությունում

Ապրիլի 11-ին Իրաքում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակներում դեսպանությունը հյուրընկալել էր Բաղդադի հայ համայնքի` տարբեր կրթահամալիրներ հաճախող 11-15 տարեկան շուրջ 30 բարձր դասարանների աշակերտներին և ուսուցիչներին։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հոբելյանական միջոցառման ընթացքում իրաքահայ դպրոցականները հանդես են եկել տոնական երգուպարով, թումանյանական արտասանությամբ, թատերական ներկայացումներով և պարգևատրվել նվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին ուղղված իր խոսքում ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, ինչը նպաստում է Մայր Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։

Տոնական միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից Բաղդադի Հայոց ազգային երկսեռ վարժարանի սան Մինաս Սերայտարյանին հանձնվել է 2018թ. Երևանում կայացած նկարչական մրցույթում հաղթողի դիպլոմը։

Միջոցառմանը ներկա են եղել Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ինչպես նաև Իրաքի Հայ ազգային կենտրոնական վարչության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։