Իրանում ջրհեղեղի հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան (տեսանյութեր)

Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում երեկ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս մոտ 100-ը վնասվածքներ են ստացել: Ջրհեղեղը ոչնչացրել է Շիրազի հյուսիսային մուտքը՝ «Ղուրանի դարպասը» կոչվող շրջանում: Ջրհեղեղը քշել-տարել է առնվազն 200 մեքենաներ:

Հաղորդումների համաձայն, տուժածների մեծ մասը Նորուզը նշող զբոսաշրջիկներ են եղել: Շիրազ քաղաքի այլ շրջաններ ևս տուժել են ջրհեղեղի հետևանքով: Ջուրը պատել է Շիրազի «Վաքիլ» շուկան, որը համարվում է Իրանի պատմական շուկաներից մեկը: «Վաքիլ» շուկայում ջրի մակարդակի բարձրությունը հասնում է 80 սանտիմետրի, իսկ այլ վայրերում նույնիսկ ավելին է։ Փողոցները վերածվել են հորդառատ, վարարուն գետերի, ջրի հոսանքն այնքան ուժեղ է եղել, որ շուռ է տվել, միմյանց բախել, նույնիսկ իրար վրա կիտել ու շարքից հանել 1 տոննայից ավելի կշռող ավտոմեքենաները։

Իրանի արևմտյան Լոռեստան նահանգում ևս տեղատարափ անձրևների և գետերի հեղեղումների պատճառով ճանապարհային երթևեկությունը դադարեցվել է: Լոռեստանի նահանգապետարանը տեղեկացրել է տեղատարափ անձրևների ու հեղեղի հետևանքով նահանգի որոշ շրջանների ենթակառուցվածքների կրած մեծ վնասների մասին:

Հայաստանում բարեկամ երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով բազմաթիվ մարդկանց զոհվելու ու տուժելու լուրը շատերը ցավով են ընդունել։