«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի դեմ քրեական գործի ու ՏՄՊՊՀ վարույթի առկայության պայմաններում, այնուամենայնիվ, ջրի նոր սակագին է սահմանվել

Վերջերս մեր հրապարակման մեջ ընթերցողներին տեղեկատվություն էինք ներկայացրել Հայաստանում ջրամատակարարման ու ջրահեռացման գործառույթն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության դեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հարուցած վարույթի մասին՝ նշելով նաև, որ ընկերությունն առայժմ տուգանքի չի ենթարկվել, քանի որ բողոքարկել է ՏՄՊՊՀ կայացրած որոշումը։

Դրան զուգահեռ, ընկերության դեմ այս պահին քրեական գործ է քննվում՝ հարուցված արդեն շուրջ 6 ամիս է առաջ։ Ընթերցողները հավանաբար հիշում են, որ դեռ նախորդ տարվա ամռանը՝ օգոստոսի 25-ին, ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել ոստիկանության կողմից։ Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ ոստիկանության կայքում։

Ըստ վերոնշյալ տեղեկատվության, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի տրամադրած տվյալների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ» «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3 մլրդ 730 մլն 940 հազար 595 դրամ արժողության պայմանագրեր։ Դրանց կատարման շրջանակներում հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Բացի վերոնշյալից, պարզվել է նաև, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով, այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 2017թ. օգոստոսի 26-ին գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուրը 4 մլրդ 239 մլն 235 հազար 800 դրամ արժողության 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8 մլն 359 133 դրամին համարժեք եվրո, ինչից հետո հանձնաժողովի կողմից 2017 թ. նոյեմբերի 11-ին համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11, 414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191, 414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդման, վերը նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, ինչպես նաև նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոևն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի և հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1 մլն 572 573 և 3 մլն 245 442 դրամ գումար։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար):

Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  նախաքննության համար։ Հիշյալ ծառայության մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գործը ՀՔԾ վարույթում է օգոստոսի 13-ից, այս պահին այն նախաքննության փուլում է, մեղադրյալներ, կասկածյալներ չկան, այսինքն՝ գործի շրջանակում որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:

Մեր հարցին, թե նախաքննությունը որքա՞ն է տևում, Մարինե Օհանջանյանն ասաց, որ նախաքննության համար սովորաբար երկամսյա ժամկետ է սահմանված, սակայն անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է պարբերաբար ևս երկու ամսով երկարացվել։ Օգոստոսից մոտ 6 ամիս է անցել, և, փաստորեն, այդ 2-ամսյա ժամկետն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է, իսկ նախաքննության ավարտը չի երևում։ Մինչդեռ այդ ընթացքում ֆրանսիական ընկերությունը շարունակում է սպասարկել ոլորտը՝ այն սակագնով, որում, հնարավոր է, հաշվարկվել են նաև այն ծախսերը, որոնք կատարվել են ոստիկանության կողմից բացահայտված-ներկայացված հանցագործության շրջանակում։

Թե իրականում նախաքննությունն ի՞նչ կպարզի և հարուցված քրեական գործին հետագայում ի՞նչ ընթացք կտրվի, անորոշ է, բայց մեկ բան ակնհայտ է, որ չնայած բոլոր հնարավոր անօրինականություններին, չարաշահումներին կամ դրանց առկայության մասին եղած կասկածներին, ՀՀ կառավարությունը մտադիր է հետագայում էլ համագործակցել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, ինչի մասին է վկայում նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպումը ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ անկախ ոլորտում առկա խնդիրներից, կառավարությունն աջակցում է ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացման: Մալիկա Գենդուրին էլ ներկայացրել էր Հայաստանում «Վեոլիայի» ապագա ծրագրերը՝ նշելով, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը: Հայաստանի հետ կապված այսպիսի հեռագնա ու մեծածավալ նպատակներ, ծրագրեր ունի ընկերությունը, և հենց այստեղ էլ հարց է առաջանում՝ մի՞ թե Մալիկա Գենդուրին հանդես կգար այդպիսի ծրագրերով, եթե Տիգրան Ավինյանից կամ Հայաստանի ղեկավարությունից որևէ այլ մեկից երաշխիք ստացած չլիներ, որ հիշյալ քրեական գործը ջրվելու է։

Ավելին․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել ջրի սակագնի բարձրացման համար ընկերության ներկայացրած հերթական հայտին՝ բնավ հաշվի չառնելով, որ «Վեոլիա ջուր» ընկերությանն առնչվող  քրեական գործ կա հարուցված ու քննվող, որն իր դրվագներից մեկով առնչվում է հենց սակագնի՝ մեր հանրության համար չափազանց կարևոր ու զգայուն խնդրին։ Եթե իսկապես կոռուպցիոն մեխանիզմներ են գործել նախորդ սակագինը հաստատելու դեպքում, ապա ընկերությունը որևէ իրավունք չէր կարող ունենալ հերթական անգամ ջրի սակագին բարձրացնելու պահանջ ներկայացնելու, և հանձնաժողովն էլ այն՝ բավարարելու։

Նկատի ունենանք նաև, որ միաժամանակ դեռ քննարկման փուլում է ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթը, և մինչև չպարզվի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրո՞ք չարդարացված բարձր գնով է ջրաչափե՞րը ներմուծել՝ դրանից ցածր գնով համարժեք ջրաչափեր ձեռք բերելու հնարավորությունն ունենալու պարագայում, թե ոչ, ՀԾԿ հանձնաժողովը պե՞տք է, արդյոք, հաստատեր ավելի բարձր սակագին։ Եթե պարզվի, որ նման չարաշահում իրոք եղել է, այսինքն՝ ընկերությունն արհեստականորեն նպաստել է սակագնի ուռճացմանը՝ բարձր ու չարդարացված գներով ջրաչափերը կամ դրանց ձեռքբերման համար կատարված ահռելի ծախսը ներկայացնելով իբրև համակարգում կատարված ներդրում, չգիտենք, թե ինչ պատասխան է տալու ՀԾԿ հանձնաժողովը․․․ Եվ այդ դեպքում ինչպե՞ս են վերադարձվելու ուռճացված սակագներով բաժանորդներից կամ, թեկուզ, ՀՀ պետբյուջեից գանձված գումարները։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության և հիշյալ ընկերության միջև 2018թ․ տարեվերջին համաձայնություն էր ձեռք բերվել բնակիչների համար խմելու ջրի 2019թ. բարձրացված սակագնի կիրառումը 2025թ. տեղափոխելու վերաբերյալ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում որոշվել էր, որ 2019 թ․ ջրի սակագինը կբարձրանա, սակայն չի կիրառվի:

ՀԾԿ հանձնաժողովի որոշմամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացրած հայտը  հիմնավորված է համարվել, և մանրածախ ջրամատակարարման սակագինը 2019թ․ համար բարձրացվել է մինչև 202, 272 դրամ։ Սակայն որոշվել է այդ գումարից մոտ 10, 858 դրամի կիրառումը տեղափոխել 2025թ․։ Փոխարենը, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը ֆինանսապես չտուժի, ընկերության պարտավորությունների մի մասը՝ որոշ ներդրումային ծրագրերի իրականացումը, ստանձնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն։ Ջրային կոմիտեն համաձայնել է «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ ներդրումային պարտավորությունները նվազեցնել ու հետաձգել, իսկ այս տարվա ընթացքում նվազեցվածի չափով ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից:

Ստացվում է, որ «Վեոլիա ջուրը» ներդրումներ է անելու Ջրային կոմիտեին տրված վարկի չծախսած մասից, իսկ բաժանորդներս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար 2019թ․, ինչպես նախորդ տարի, շարունակելու ենք վճարել 180 դրամ (իրականում, սակայն, 2019թ․ համար 202,272 դրամ, որից 11,414 դրամը՝ ՀՀ պետական բյուջեից, այսինքն՝ դարձյալ մեր՝ հարկատուներիս գումարներից, իսկ մնացած 10,858 դրամը՝ Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցներից, այսինքն՝ դարձյալ մեր, ինչպես նաև մեր սերունդների հաշվից՝ վարկային տոկոսներն էլ հետը․․․)։

Այսպիսով, ջրի սակագինը բարձրացվել է, որի համար մենք՝ բաժանորդներս, սկսել ենք վճարել անուղղակի կերպով (քանի որ ջրային կոմիտեն պետական կառույց է, որին հատկացված վարկի դիմաց, ի վերջո, վճարում են ՀՀ քաղաքացիները), իսկ անմիջականորեն վճարելու ենք 2025 թվականից սկսած։ Ավելի վաղ բարձրացված սակագինը բաժանորդների նկատմամբ չկիրառելու դիմաց ընկերությանը կառավարության տրամադրած սուբսիդիայի գումարը նույնպես ՀՀ պետական բյուջեի, հետևաբար հարկատուներիս հաշվից է։ Ֆրանսիական ընկերությունը նորից շահեկան վիճակում հայտնվեց՝ չնայած սպառողների բազմաթիվ բողոքներին ու դժգոհություններին, չնայած իր հանդեպ հարուցված վարույթին ու քրեական գործին։ Ի վերջո, այս ամենը նորից հարվածեց մեր՝ ընկերության բաժանորդներիս կամ ջրի սպառողներիս գրպաններին։

 

Թագուհի Ասլանյան

Արթուր Հովհաննիսյան