Ալիևն ուրախանում է. ուրա՞խ են արդյոք Երևանում և Ստեփանակերտում

Եվ Ադրբեջանի, և Հայաստանի, նույնիսկ Ռուսաստանի ԶԼՄ-ներն ուշադրություն դարձրին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որը նվիրված էր 2019 թվականի արդյունքներին և տրված էր այս թշնամական հանրապետության չորս խոշոր հեռուստաալիքներին: Շատերը կասեն. ի՞նչ գործ ունենք Ալիևի հարցազրույցի հետ: Իրականում ոչ մի, եթե ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին գեներալի որդին չհիշեցներ մեր Արցախի և Հայաստանի դիվանագետների տապալման մասին: Ավելի ստույգ՝ Հայաստանի ամբողջ պետական ​​ղեկավարության տապալման մասին: Այստեղ անհրաժեշտ է մեջբերում. «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի հետ: Սա աբսուրդ է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների անձնակազմի 90% -ը ՀՀ քաղաքացիներն են: Այդ պատճառով բանակցությունները վարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: 2019 թվականին բանակցությունների ձևաչափը մնաց անփոփոխ՝ չնայած այն փոփոխելու Հայաստանի բոլոր փորձերին: Համարում եմ, որ սա մեր դիվանագիտական ​​հաջողությունն է»,- նշել է Ալիևը:

Ընթերցողներից  յուրաքանչյուրը թող ինքն իր համար որոշի, Ալիևն ուղղակի պարծեցա՞վ, թե ասաց ճշմարտությունը: Մեր կարծիքով «ապշերոնյան խանի» անբարեխիղճ ստերին պարզապես պարտավոր են արձագանքել. 1) Հայաստանի ԱԳՆ և Արցախի ԱԳՆ. 2) Հայաստանի ՊՆ և Արցախի ՊՆ. 3) Հայաստանի վարչապետն ու նախագահը, ինչպես նաև Արցախի նախագահը: Ի՞նչն է սուտ, կարող են հարցնել առավել անտեղյակները: Նախ և առաջ, այս խոսքերը՝ «Լեռնային Ղարաբաղում զինծառայողների անձնակազմի 90% -ը ՀՀ քաղաքացիներն են»: Բաքուն միշտ ստում էր այդ թեմայի շուրջ, և Երևանը գրեթե միշտ լռում էր, կամ չափազանց թույլ էր առարկում: Մինչդեռ, նույնիսկ ամենադժվար պահերին (մարտադաշտում) 1992-94 թթ․, երբևէ ՀՀ քաղաքացիները չեն կազմել ոչ ինքնապաշտպանական ջոկատների 90%-ը, ոչ էլ՝ այնուհետև ԼՂՀ-Արցախ պաշտպանական բանակի: Եվ վաղուց ժամանակն է կանխել Բաքվի ստախոսներին:

Ալիևի երկրորդ խոշոր սուտը․ Հայաստանը չի էլ փորձել լրջորեն փոխել Արցախի վերաբերյալ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Տրամաբանորեն մտորենք, հարգելի ընթերցողներ, հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետը. եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ Արցախի մասնակցությունն ուղղակի բանակցություններին անհրաժեշտ է, ապա այդպես էլ կլինի: Մշտական ակնարկները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս հարցում ճնշում չեն գործադրի Բաքվի վրա, նույնպես քաջ հայտնի են: Բայց արդյո՞ք Հայաստանի և Արցախի քաղաքացիներից որևէ մեկը տեսել է, որ Երևանն ու Ստեփանակերտը իսկապես և հաստատ ճնշում գործադրեն Ալիևի վրա և ստիպեն Բաքվին՝ համաձայնել վերադառնալ «երեք հակամարտող կողմեր» բանաձևին: Մինչ այժմ դա տեղի չի ունեցել:

Թե ինչու է Ալիևն սկսել խոսել այն մասին, որ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը նրա դիվանագիտական հաղթանակն է, հասկանալի է: Ըստ երևույթին, նա ուշադիր կարդացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի վերաբերյալ նյութը: Եվ հասկացել էր ռուս նախարարի ակնարկը, երբ նա մեր մայրաքաղաքում հիշեցրել է, որ բանակցությունները հաջող էին միայն այն ժամանակ, երբ Արցախը հանդիսանում էր բանակցային գործընթացի սուբյեկտ: Հետևաբար, իրականում, Ալիևի հոգում գոնե վախ կար կորցնելու այդ «նվաճումը»: Սպասենք 2020-ին. Ալիևի վախը պետք է ուժեղացնել …

Սերգեյ Շաքարյանց