Ճշտում ենք ինֆորմացիան, թե արդյո՞ք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին անվտանգության ծառայող է. Վլադիմիր Կարապետյան

Ճշտում ենք այդ ինֆորմացիան, թե արդյոք Միլանում հայկական եկեղեցի ներխուժած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի բլոգերը անվտանգության աշխատակի՞ց է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է կանոնակարգվել․ վարչապետի հանդիպմանը հայ համայնքից ովքեր են  լինելու, մուտքն արդյոք ազատ է եղել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Եկեղեցին հայտարարությունը հրապարակային է արել, մասնակցությունը ազատ էր, այսինքն՝ ցուցակագրում չի եղել: Պարզապես անվտանգության ծառայությունների կողմից համապատասխան ստուգումներ են անցկացվել: Մուտքը ազատ է եղել նախօրոք հրապարակված հայտարարության հիման վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը եկեղեցի էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր որպես բլոգեր և հայտարարել էր՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

Նա վարչապետին ասել էր. «Մեզ պատերազմ պետք չէ, ազատեք մեր հողը»:

«Փաստ է, որ դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ հայը հնարավորություն չէր ունենա մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտարարեց, որ Միլանում հայկական եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղված ադբրեջանցին իրականում անվտանգության ծառայող է։