Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Հունաստանի Կալամատա քաղաքում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է տեղադրվել:

Հուշարձանի տեղադրման՝ տեղի հայ համայնքի խնդրանքը Կալամատայի քաղաքապետարանի կողմից հավանության է արժանացել։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի մասնակցությամբ:

Հուշարձանի հիմքում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար:

Բացման արարողությանը մասնակցել են հույն պաշտոնյաներ և պատգամավորներ, որին նախորդել էր Սուրբ Նիկոլայի մատուռում մատուցված պատարագը: Այդ մատուռը տեղի հայ համայնքին է տրամադրվում ժամերգություններ կատարելու համար: