ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներն ամփոփել են նստաշրջանի աշխատանքները

Հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Գևորգ Գորգիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ են ներկայացրել  հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ԽՎ տարեկան նստաշրջանի վերաբերյալ: ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է բոլոր հանձնաժողովների նիստերին:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատասխանել է իր՝ ՆԱՏՕ-ի՝ ԼՂ հակամարտության արդար և երկարատև կարգավորմանը նպաստելու մասին հարցին: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և ՆԱՏՕ-ն մտահոգված է, որ չեն կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Կառույցի ղեկավարը նշել է, որ ակնհայտ է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակիորեն դերակատարում չունի, բայց իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` գտնելու քաղաքական լուծում:

Գևորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ մասնակցել է Քաղաքացիական անվտանգության և Գիտության, տեխնոլոգիաների հանձնաժողովների նիստերին:

Բանախոսը նշել է, որ տարբեր թեմաներով զեկույցների ներկայացման ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը բազմիցս փորձել է բարձրացնել  Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հայ պատվիրակները հակազդել են դրանց: Ըստ պատգամավորի՝ մեր պատվիրակությունը փոխել է այդ հարթակում աշխատելու մարտավարությունը. հայկական կողմը չի սահմանափակվում միայն պատասխանելով ադրբեջանական կողմի հայտարարություններին:

Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին, որի օրակարգայում են եղել Ռուսաստան-Չինաստան ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությանը, հարաբերություններին ու մարտահրավերներին, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքում ՆԱՏՕ-ի գործողություններին վերաբերող և Իրանի հետ կապված հարցերը:

Վեհաժողովի գրեթե բոլոր հանձնաժողովներում անդրադարձ է կատարվել Սիրիայում օրերս Թուրքիայի կողմից ծավալած ռազմական գործողություններին: Թուրքիայի պատվիրակության անդամները պարզաբանել են, թե այնտեղ ահաբեկիչներ են, սակայն եվրոպական պատվիրակներին այդ պարզաբանումները չեն բավարարել:

Կարևորվել են հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 13/25 բանաձևի՝ կանանց, խաղաղությանն ու անվտանգության ընդունման 20-ամյակին նվիրված միջոցառումները, որին հրավիրված է նաև ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Մադլեն Մունը:

ՆԱՏՕ ԽՎ հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: