Պուտինը գալիս է, Ռոհանին ևս պետք է ժամանի

Սեպտեմբերի վերջին պարզ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ սեպտեմբերի 23-ին փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Պուտինը ծրագրում է մասնակցել հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Պետք չէ շփոթել. սա Ռուսաստանի նախագահի առանձին պաշտոնական այցը չէ Հայաստան, սա ընդամենը աշխատանքային այց է՝ մասնակցելու նշված գագաթնաժողովին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական միջոցառումների շրջանակներում:

Ինչ «մեկնաբանություն» ասես, որ չկարդացինք Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ փոխնախարար Ռուդենկոյի հայտարարության հետ կապված․Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմնակցներն ու նրանց միացած Պուտինի հանդեպ հակակրանք ունեցողները, միմյանց հետ մրցակցելով՝ մեկ փառաբանում են Փաշինյանին (ախ, ինչպիսի Սուրբ իմաստուն ունենք!), մեկ՝ ծաղրում Պուտինին: Մեջբերեմ այդպիսի «մեկնաբաններից» մեկի գրառումը. «Հենց Փաշինյանը Լոս Անջելես ուղևորվեց՝ Վլադիմիր Պուտինը որոշեց հոկտեմբերի 1-ին մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը տեղի կունենա Երևանում»: Ես ներողություն եմ խնդրում, բայց նրանք, ովքեր այսպիսի վիճակում ուրախանում են «Փաշինյանի հաղթանակով» կամ հոգեկան ցնծությամբ ուրախանում են, թե «Պուտինը հանձնվեց»,   ցավոք սրտի, պաթոլոգիորեն հիվանդ մարդիկ են:

Աշխարհում, հատկապես, ռուս-ամերիկյան, ռուս-չինական և ռուս-իրանական հարաբերությունների հարթության մեջ այնքան հետաքրքիր, միաժամանակ անհանգստացնող իրավիճակներ կան, մասնավորաբար, վերջերս Մոսկվայից նախազգուշացում էր հնչել (ամբողջ աշխարհի համար), որ միջուկային պատերազմը, դժբախտաբար,  իրական է թվում: Բայց մեր երկրում Փաշինյանի կողմնակիցները կարող են միայն հրճվել իրենցով և իրենց կուռքով:

Կրկին օրեցօր սրվում են Իսրայելի և Արևմուտքի լկտի և անհիմն «գրոհները» Իրանի դեմ: Եվ Իրանը օրերս կտրուկ նախազգուշացրել է՝ ընդամենը մեկ կրակոց, և Իրանի թշնամիները կզղջան իրենց  գոյությունը: Կարող եմ պնդել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը այս մասին ևս չգիտի: Միգուցե մեր քաղաքացիներին դիտավորյալ զոմբիացրել և զոմբիացնում են, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ապրեն բացառապես «ասֆալտի վրա նոր խորոված ուտելու» ակնկալիքով: Բայց աշխարհին չի հետաքրքրում, թե ինչպես են ապրում ՀՀ քաղաքացիները, առավելևս աշխարհը մտադիր չէ սպասել այնքան ժամանակ, մինչև Փաշինյանի կողմնակիցները լափեն՝ տվյալ բառի բոլոր իմաստներով…

Ռուսաստանի նախագահի ակնկալվող ժամանումը Երևան «կապելով» այն փաստին, որ, «հե՛նց Փաշինյանը գնաց Լոս»՝ ամեն ինչ որոշվեց, լիարժեք տգիտության ակնհայտ դրսևորում է: Երևանում՝ ԵԱՏՄ շրջանակներում կայանալիք գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու մասին որոշումը կայացվել է օգոստոսին Սոչիում կայացած Պուտին-Հասան Ռոուհանի հանդիպումից հետո, որտեղ Ռուսաստանի Դաշնության նախագահը Իրանի նախագահին հրավիրել էր երևանյան գագաթնաժողովին… Անհեթեթություն է կապել ինչ-որ գեղցու «հոգու պոռթկումներն» ու դատարկ հույսերը, թեկուզ եթե նրանց թիվը կարող է հասնել 300 հազարի, գլոբալ աշխարհաքաղաքականության հետ: Օգոստոսին, հաջորդաբար, Իրանի և Ռուսաստանի միջև փոխհամաձայնեցված Պուտին-Ռոհանի-Իլհամ Ալիև եռակողմ ձևաչափով գագաթնաժողովը հետաձգվել է անորոշ ժամանակով: Միևնույն ժամանակ Սոչիում տեղի ունեցան գաղտնի բանակցություններ Պուտին-Ռոհանի ձևաչափով: Վերջապես, Անկարայում կայացավ Պուտին-Ռոհանի-Ռեջեփ Էրդողան գագաթնաժողովը։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել Պուտինի և Ռոհանիի պահվածքի նրբություններին՝ Անկարայում անցկացվող եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ Պուտինի և Ռոհանանիի որոշումները պարզ են. եթե կա Թուրքիան, ապա Ադրբեջանը իրենց «պետք չէ»: Իսկ Հայաստան կգան անձամբ համոզվելու՝ Երևանում թշնամինե՞ր ունեն, թե՞ համախոհներ: Ահա և ամբողջ «թվաբանությունը»:

Դե, իսկ եզրակացությունները կտանք արդեն Պուտինի և Ռոհանիի Հայաստան կատարելիք այցից հետո: Նրանք «մեր սիրուն աչքերի» համար չեն գալիս և ոչ էլ փողոցային խորովածի սիրահարներին «աջակցության» համար: Ռուսաստանի և Իրանի նախագահները գալիս են լուծելու այն աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք նրանք մտադրվել էին լուծել:

Սերգեյ Շաքարյանց