Հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, որն անհնար է լուծել առանց ծանր և հետևողական աշխատանքի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշիռ մոտեցման: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար:

Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջև: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն:

Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար»:

Վարչապետը նշեց, որ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

«Փաստորեն, մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին։

Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում,-նշել է Նիկոլ Փաշինյանը»:

Այնուհետև վարչապետը ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի։

«Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար»,-ասել է վարչապետը: