2020 թվականին 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները
2020թ․ հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով: Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության 2020-2022 թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատվել է, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև գիտենք, որ սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով`փորձ կարվի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ դե յուրե պետության պարտավորություններն արձանագրված են:
Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանք հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: