Ո՞նց է դա արվելու՝ կոռուպցիայով․ վարչապետը մերժեց Թորոսյանի առաջարկը
Առողջապահության նախարարությունն առաջարկում է տարեկան 80 ամուսնական զույգի անվճար աջակցել` լուծելու անպտղության խնդիրը։ Նախարարի այս առաջարկը, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց համարեց։
«700 զույգից ո՞նց է որոշվելու, թե որ 80 զույգն է այս տարի սպասարկվում։ Դա արվելու է խնամի, ծանոթ, բարեկամ, ով ում հետ մոտիկ է, ով ավելի արագ որտեղ կարող է հասնել սկզբունքով, և դա պրոբլեմ է առաջացնում»,– ասաց Փաշինյանը։
Թորոսյանը պարզաբանեց, որ ընտրությունն արվելու է սահմանված չափորոշիչներով։ Վարչապետը, սակայն, հակադարձեց, որ նման հստակ փորձագիտական գնահատական չկա, թե Հայաստանում այս պահին քանի անպտուղ ամուսնական զույգ է համապատասխանում այդ չափորոշիչներին։
«Այդ 80-ը որոշվելու է կոռուպցիայով»,- պնդեց Փաշինյանը։
Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ չկան թվեր, քանի որ չի եղել ծրագիր ու դիմելիություն, որով կկատարվեր հաշվարկը։
Երկար ու թեժ քննարկման արդյունքում վարչապետը հայտարարեց, որ որոշումը ներկայացված տեսքով պատրաստ չէ ընդունման ու առաջարկեց այն չհաստատել և ուղարկել լրամշակման։