ԱԱԾ-ը կքննի հուլիսի 10-ի էլեկտրաէներգիայի խափանման պատճառները

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հանձնարարել է նյութեր նախապատրաստել հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման դեպքի վերաբերյալ ու հավելեց, որ դա արվում է, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները։

«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խոր հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի` եղել են, թե չեն եղել մեղավորներ, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ»,- ասաց Վանեցյանը` խոստանալով արդյունքների մասին նույնպես զեկուցել։

Վարչապետ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հակոբ Արշակյանը ևս ծառայողական քննություն է նշանակել։

Նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այսօր առավոտյան, Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո, խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով: