Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց

Քոչարյանը դատավարությանը կմասնակցի ազատության մեջ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ հրապարակվեց «Մարտի 1-ի» գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը:

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ փոխել Քոչարյանի խափանման միջոցը:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

Հիմք ընդունվեց Արցախի ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը։

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դատարան ներկայանալով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ նրանք Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին դատարանին երաշխավորություն ներկայացնելուց զատ, նաև որպես անձնական երաշխիք վճարել են 500 000-ական դրամ։ Դատավորն իրազեկեց, որ երաշխավորության անհրաժեշտության վերացման պարագայում այդ գումարը կվերադարձվի երաշխավորներին, իսկ երաշխավորված անձի կողմից ապօրինի արարք թույլ տալու դեպքում կարող է առգրավվել ու փոխանցվել պետությանը։

Դավիթ Գրիգորյանը նաև զգուշացրեց, որ իրենց երաշխավորությամբ կալանքից ազատված Քոչարյանի անօրինական քայլերի դեպքում Արցախի նախագահները կարող են անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել՝ ազատազրկվելով մինչև երկու տարի ժամկետով։

«ՀՀ Քր․օր․ 316 հոդվածով դուք կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե պատշաճ վարքագծի դրսևորման ձեր երաշխավորությունները չկատարվեն։ Եվ հիշյալ հոդվածը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում»,– Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին հիշեցրեց Դավիթ Գրիգորյանը։

Բոլոր նախազգուշացումներից հետո Արցախցի նախկին ու ներկա պաշտոնյաները վավերացրին դատարանին ներկայացրած իրենց երաշխավորագիրը։