Փիլիպոսյանն ու Ավագյանը կասկածի տակ են դրել ՀՀ կառավարության և նախագահի կողմից հաստատված որոշումը

Մարտի 11-ին «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցում գտնվող «Քարահունջ» աստղադիտարանում պեղումների անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով, որ «Քարահունջ» աստղադիտարանի տարածքում իրականացվող ապօրինությունների պատճառով ոչնչացվում և նսեմացվում է արժեքավոր պատմամշակութային կոթողը։ Նամակում նշվում է, որ ՀՀ պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի  վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի  անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ իրականացնել «Քարահունջ աստղադիտարան»  պատմամշակութային հնավայրի տարածքում և 2013-ից սկսել է ավելի քան 7 500 տարվա վաղեմություն ունեցող քարե աստղադիտարանի պեղումները:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Փրկենք Քարահունջը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նանա Հերունին, պեղումները կատարվել են  «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ի կողմից վավերացված «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության 20.04.2002թ. թիվ 438 որոշման մի շարք հոդվածների և կանոնների կոպտագույն խախտումներով, ինչի հետևանքով խաթարվել է պատմամշակութային հուշարձանի նախնական տեսքը, և այն կարող է կորցնել իր պատմամշակութային ու գիտական արժեքը:

Բանն այն է, որ Նանա Հերունու հավաստմամբ, Աշոտ Փիլիպոսյանը փորձում է հերքել տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ և ՀՃԱ ակադեմիկոս, Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՏԱ ակադեմիկոս, գրեթե 340 գիտական աշխատությունների հեղինակ ու բազմաթիվ միջազգային պարգևների և շքանշանների արժանացած գիտնական, ռադիոֆիզիկոս  և ռադիոաստղագետ, լուսահոգի Պարիս Հերունու կողմից Քարահունջի՝ չորս տարբեր մեթոդներով հաստատված աստղադիտարան լինելու փաստը: Նա ամենուրեք հայտարարում է, թե այդ տարածքում միայն դամբարանադաշտ է եղել, այն էլ 1000- 3000 տարվա վաղեմության և որ Քարահունջի տարածքում ավելի հին իրեր ու գտածոներ չեն հայտնաբերվել։ Հետաքրքիր է, որ նա իր պնդումները փորձում է հիմնավորել ասելով, թե՝ «հայերը բան ու գործ չունեին աստղադիտարան սարքեին»: Սա, ըստ Նանա Հերունու, նրա խոսքերի ուղիղ մեջբերումն է։

Այնինչ Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, որն ի դեպ Պարիս Հերունու դուստրն է, վաղուց է ապացուցվել  հայ և համաշխարհային մի շարք  հայտնի գիտնականների կողմից․ գիտությունների դոկտոր, շվեյցարացի Հ. Պ. Կլայների, Եվրասիական աստղագիտական միության նախագահ Ն. Բոչկարյովի, հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրահամ Հենկոկի, մեգալիթային համալիրների հայտնի մասնագետ պրոֆեսոր Ջերալդ Հոկինսի, Նովոսիբիրսկի աստղագիտության գեոդեզիայի ակադեմիայի ավագ դասախոս Ելենա Գիենկոյի, հնագետ, անկախ փորձագետ Օ. Խնկիկյանի, մաթեմատիկոս, կենսակիբերնետիկ և կենսաբանական գիտությունների թեկնածու Վ. Վահրադյանի, անկախ փորձագետ-հետազոտող Վ. Գևորգյանի,  Օքսֆորդի համալսարանի և Մեծ Բրիտանիայի Թագավորական Աշխարհագրական ընկերության գիտաշխատողների և էլի շատ գիտնականների կողմից  Քարահունջի աստղադիտարան լինելու գիտական հիմնավորումները կրկին անգամ հաստատում են Պ. Հերունու տեսությունը:

Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց գիտնականի դուստրը, արդեն իսկ Քարահունջի տարածքից անհետացել են որոշ արժեքավոր քարեր, մասնավորապես Պարիս Հերունու կողմից ուսումնասիրված և համարակալված  95-րդ մեգալիթը, վառ կարմիր գույնով առանձնացող քարը, որը գտնվել է հուշարձանի մեջտեղի հատվածում, անհետացել են նաև ուրիշ համարակալված անցքերով մեգալիթներ: Կասկածներ կան, որ դրանք դուրս են բերվել Փիլիպոսյանի կողմից և վաճառվել Հայաստանից դուրս:

«Այս կասկածի համար հիմք է ծառայում այն փաստը, որ արգելոցի տարածք են մուտք գործել վերամբարձ կռունկ և բեռնատար մեքենաներ: Կան այդ պահպանվող տարածք շինարարական ծանր տեխնիկայի մուտք գործելու փաստը հաստատող լուսանկարներ,- ասաց Նանա Հերունին։- Հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումները կարգավորող եվրոպական կոնվենցիայի («Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիա») համապատասխան հոդվածի համաձայն, արգելվում է պեղումների տարածք բերել ծանր տեխնիկա: Դա թույլատրելի է միմիայն ծայրահեղ դեպքում: Այնուամենայնիվ, Փիլիպոսյանը վերամբարձ կռունկի միջոցով էր իրականացնում իր պեղումները: Նշենք նաև, որ  պեղումների ժամանակ Փիլիպոսյանի կողմից կիրառվել  են գործիքներ՝ քլունգ, բահ, որոնց հետևանքով մեգալիթները որոշակի վնաս են կրել: Բացի վերոնշյալից, նա պեղումների ժամանակ հայտնաբերված զարդերը ցույց է տվել զբոսաշրջիկներին ու նույնիսկ թույլ է տվել կրել դրանք, որը հիշյալ Եվրոպական կոնվենցիայի դրույթներով արգելված է»։

Նանա Հերունին նաև նշեց, որ Աշոտ Փիլիպոսյանը պեղումներ կատարելու թույլտվությունը ստացել է օրենքի խախտմամբ՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, քանի որ օրենքն արգելում է միջգերատեսչական հանձնաժողովին կատարել պեղումներ, իսկ ինքը միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է:

Հիշյալ հուշարձանի հետ կապված՝ նրա բոլոր քայլերում նկատելի են միտումնավոր գործողություններ, որոնց նպատակն է «Քարահունջ աստղադիտարան» հնավայրն այնպես վնասել, որ այն կորցնի իր պատմամշակութային և գիտական արժեքը, և Քարահունջը, որպես աստղադիտարան, հանվի հուշարձանների պետական ցուցակից: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.04.2002 թ. թիվ 438 որոշման 16-րդ կետի համաձայն, եթե հուշարձանը բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ ավերվել է և ենթակա չէ վերականգնման ու կորցրել է պատմամշակութային կամ գիտական արժեքը, ապա հանվում է հուշարձանների պետական ցուցակից (նշվածը հուշարձանը հիշյալ ցուցակից հանելու միակ նախապայմանն է):

Նանա Հերունու տեղեկացմամբ՝ Փիլիպոսյանը պեղումների ընթացքում նաև բացել է մեգալիթների ստորին հատվածին հարող տարածքը, որտեղ հայտնաբերվել է մարդկանց կողմից շարված պատ`ամբողջ երկայնքով, այդ պատը կառուցվել է հատուկ այն նպատակով, որ մեգալիթները ժամանակի ընթացքում տարերային աղետների հետևանքով չենթարկվեն տեղաշարժման և չկորցնեն իրենց կայունությունն ու ճշգրտությունը։ Նա պեղումների ավարտից հետո պարտավոր էր փակել բացված շերտերը՝ արտաքին ազդեցություններից  չվնասվելու համար: Սակայն բացված շերտերը թողնվել են Սիսիանի ցուրտ և տեղումնաշատ կլիմայի քմահաճույքին: Այդ բախտին է արժանացել նաև 3 մեգալիթ, որոնց հիմքերի 1/3 մասը  քանդելուց հետո, Փիլիպոսյանը չի կատարել հիմքերի վերականգնողական պատշաճ աշխատանքներ, ինչը կարող է դառնալ նրանց դիրքերի տեղաշարժման պատճառ: Հուշարձանի ամբողջ երկայնքով պեղված և բացված մեգալիթների կայունությունն ապահովող պատի մի մեծ մաս նույնպես ոչնչացված է: Ավերված է նաև Քարահունջի մեջտեղի ձվաձև տաճարը, անհետացել են այդ կառույցը ծածկող սալերը:

Մեր զրուցակցի համոզմամբ, Փիլիպոսյանը լինելով պատմական գիտությունների դոկտոր, Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, հուշարձանների պահպանության ծառայության գիտքարտուղար և փայլուն տիրապետելով պեղումների ընթացակարգին և օրենքներին, չէր կարող նման կոպտագույն սխալներ թույլ տալ անտեղյակության հետևանքով, ինչը վկայում է, որ նրա բոլոր արարքներն ուղղված են Քարահունջ աստղադիտարանի միտումնավոր ոչնչացմանը, իսկ կարող է լինել նաև դրսից իրեն ֆինանսավորող կառույցների ուղղորդմամբ և դրդմամբ:

Ի դեպ, Աշոտ Փիլիպոսյանն արգելոցի տարածքում գործում է իր համախոհի՝ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի հետ, որն իր գործողություններով աջակցել և աջակցում է Փիլիպոսյանին և նպաստում Քարահունջի մասին նրա տեսության տարածմանը:  Ակադեմիկոսի դուստրը մեզ հայտնեց, որ այդ մարդը զբոսաշրջիկներին հրամցրել է Փիլիպոսյանի տեսությունն այն մասին, որ «Զորաց քարեր» հնավայրում Քարահունջ անվանումով աստղադիտարան չկա, և որ  այդտեղ միայն առավելագույնը 3000 տարվա դամբարանադաշտ է: Մինչդեռ լինելով նշված արգելոցի տնօրեն, նա իրավունք չուներ իր գործողություններով հակասել ՀՀ կառավարության կայացրած ու նախագահի կողմից 11.08.2004 թ. հաստատված որոշմանը, որով Քարահունջն անվանվել է աստղադիտարան: Մյուս կողմից էլ դեռևս Փիլիպոսյանը չի ապացուցել հակառակը, որ Քարահունջն իսկապես միայն դամբարանադաշտ է, և այդ վարկածը պաշտոնապես չի հաստատվել։ Այս դեպքում ինչպե՞ս որակել այդ երկու անձնավորությունների կանխակալ հայտարարությունները, եթե ոչ ազգադավություն։

Այդ նույն Ավագյանը Քարահունջ աստղադիտարանի պահպանվող տարածքի հարևանությամբ մեծ քարերից կառուցել է շրջանաձև մի շինություն, հարակից տարածքի մամռակալած քարերն ընկերների հետ փորագրել է տարբեր կենդանիների պատկերներով, և այդ շինությունն իր հարակից տարածքի հետ միասին օգտագործել կասկածելի, մերկ կանանց մասնակցությամբ ծիսական արարողությունների համար։ Նաև կազմակերպել  սեփական մահվան արարողությունը: Իսկ որոշ անտեղյակ զբոսաշրջիկներ, որոնք անծանոթ են եղել տեղանքին, Ավագյանի կառուցած այդ շինությունը և փորագրած քարերն ընկալել են իբրև իրական Քարահունջ, համացանցում իրենց կողմից տարածել նկարներ, որտեղ Ավագյանի շինությունը ներկայացվում է որպես Քարահունջ: Նմանատիպ անբարո ծիսական արարողություններ են անցկացվել Ավագյանի և Փիլիպոսյանի կողմից նաև Քարահունջ աստղադիտարանի տարածքում, հարակից ձորում և Ուխտասարի Պորտաքար հնավայրի տարածքում, ինչը երևում է ներկայացված լուսանկարներում:

 «Ավագյանը լինելով «Զորաց քարեր» արգելոցի տնօրեն, ի պաշտոնե պարտավոր էր պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացնել Աշոտ Փիլիպոսյանի խախտումների մասին: Բայց նա կոծկում է այդ մարդու անօրինականությունները, ավելին՝ այդ հարցում նրա համախոհն է։ Ի վերջո ինչպե՞ս կարելի է նման ծեսեր կազմակերպած մարդուն այդպիսի պատասխանատու աշխատանք վստահել։ Անթույլատրելի է նման մարդուն վստահել պատմամշակութային արժեք հանդիսացող արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը»,- ասաց Նանա Հերունին:

 

Շարունակելի

Թագուհի Ասլանյան