Լուրեր Ռումինիայից. Հանդիպում Գերլայում

Երեկ Ռումինիայի Տրանսիլվանիա տարածաշրջանի Կլուժ ժուդեցի (նահանգի) Գերլա քաղաքում տեղի է ունեցել ավանդական դարձած Կլուժ-Նապոկա քաղաքի և Գերլայի հրեա ու հայ համայնքների 7-րդ հանդիպման ամենամյա միջոցառումը, որին հրավիրված են եղել նաև ռումինական ու հունգարական ազգագրական խմբեր:

Միջոցառումը, որը կազմակերպվել էր Ռումինիայի հայկական միության Գերլայում գտնվող Տրանսիլվանիայի մասնաճուղի կողմից (ռում.՝ Uniunea Armenilor din România Gherla Filiala Transilvania), տեղի է ունեցել Գերլայի քաղաքապետարանի մշակույթի տան մեծ դահլիճում: Միջոցառմանը մասնակցել են «Շիրա Հադաշ» երգչախումբը, «Մազլ Տով» երաժշտական խումբը, Քասաբյան քույրերը և «Արմենոպոլիս» երգչախումբը, ինչպես նաև պարի համույթներ՝ ազգագրական «Սոմեշ պարողները», ժողովրդական պարային «Կիշկալակա» խմբերը և հայկական պարային «Հայաքաղաք» համույթը:

Բնակավայրը Գեռլախադա անվամբ առաջին անգամ հիշատակվում է 1291 թ.: Սակայն, որպես քաղաք Գերլան հիմնադրվել է հայ գաղթականների կողմից ԺԷ դարում: 1721 թ. այն ստացել է Գեռլա անունը, բայց 5 տարի անց վերանվանվել է Արմենոպոլիս, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է Հայաքաղաք: Հունգարացիներն այն անվանում են Օրմենվարոշ (հունգ.՝ Örményváros): Երբ քաղաքը դարձել է Ավստրիայի կայսրության մաս, ավստրիացիների կողմից 1830 թ. Անվանվել է Առմենշտադտ (գերմ.՝ Armenierstadt): 1922 թ. քաղաքը ստացել է իր այժմյան անվանումը:

Գերլայում մինչ մեր օրերը պահպանվել են հայկական բազմաթիվ բնակելի տներ, որոնց հիմնական մասը ԺԸ դարի շինություններ են։ Մինչ օրս պահպանվում են նաև դրանց հիմնադրման մասին թեկուզ և համառոտ, բայց հայերեն, հաճախ թվակիր արձանագրությունները: Պահպանվել են նաև ծերանոցի (1800 թ.), Սբ. Գրիգորի արական (1876 թ.) և իգական (1902 թ.) որբանոցների շենքերը, ինչպես նաև պաշտամունքային շինություններ, ինչպիսիք են Սուրբ Ավետման կամ Սողոմոնի (1723 թ.), Սուրբ Երրորդության (1748 թ.), Սուրբ Հովհաննես Մկրտչի (1848 թ.) հայ կաթոլիկ եկեղեցիները և գերեզմանատները: 

 

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)