Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ին զրկում է վերջին հույսից

Իրանական զինվորականների, առաջին հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից արվող հայտարարությունների ակտիվացումը ցույց է տալիս, որ իրանական զինվորական վերնախավի կողմից ԱՄՆ-ի պատվամոլությանը հակադարձելու բոլոր հարցերը վերցված են հսկողության տակ, անշուշտ, Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյիդ Ալի Հոսեյնի Համենեիի համաձայնությամբ ու որոշումով։

Տարածաշրջանային պետություններում, ներառյալ՝ Աֆղանստանը, ԱՄԷ-ն և Քաթարը, տեղակայված բոլոր ամերիկյան բազաները, ինչպես նաև Պարսկական ծոցի նրանց ռազմանավերը գտնվում են իրանական հրթիռների հասանելիության սահմաններում։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչ, օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանի պետական IRIB հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ամերիկյան բազաները մեզ համար հեշտ ավար են»,- հայտարարել է նա։ Գեներալ Հաջիզադեն նշել է ամերիկյան «Էլ-Ուդեյդ» ավիաբազան Քաթարում, «Ալ-Դհաֆրա» ավիաբազան ԱՄԷ-ում, և «Կանդագար» օդանավակայանը Աֆղանստանում, հայտարարելով, որ այդ ռազմահանգրվանները ժամանակին Իրանի համար սպառնալիք էին, բայց հիմա հնարավոր թիրախներ, որոնք ոչնչացնելու հնարավորություն կա։

Գեներալը հավելել է, որ Օմանական ծոցում գտնվող ամերիկյան ավիակիրները՝ իրենց 40-50 կործանիչներով ու 6000 զինծառայողներով, հիմա գտնվում են Իրանի հզոր, 700 կմ հեռահարության բալիստիկ հրթիռների հասանելիության սահմաններում։ Գեներալ Հաջիզադեն նաև հղում է կատարել Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ, դրոն) հետախուզական տվյալներին, ասելով, որ հիմա Իրանը նույնիսկ գիտի, թե «Կանդագարի» օդանավակայանի որ անգարում է պահվում ամերիկյան հետախուզական «RQ-170 Sentinel» ԱԹՍ-ն, որոնցից մեկը մոտ 7 տարի առաջ խփվել էր իրանցիների կողմից Աֆղանական սահմանի մոտ գտնվող իրանական Քաշմար քաղաքի մոտակայքում։ ԻՀՊԿ ՕՏՈՒ-ի հրամանատարի խոսքերով, հիշյալ ԱԹՍ-ի վերանախագծված տարբերակն Իրանն օգտագործել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դիրքերի հետախուզման համար։

Հաջիզադեի տեղեկացմամբ, ընդհանրապես, այժմ Իրանում է գտնվում ամերիկյան ու իսրայելական խփված կամ բռնված դրոնների ամենամեծ հավաքածուն, ներառյալ՝ ամերիկյան MQ1-ը, MQ9-ը, «Shadow»-ը, «ScanEagle»-ը և RQ-170-ը ԱԹՍ-երը և իսրայելական «Հերմեսը»։ Իսրայելական դրոնը ԻՀՊԿ-ի ուժերի կողմից խփվել է 2014 թ․ հոկտեմբերին, դեպի կենտրոնական Սպահան նահանգի Նաթանզի միջուկային օբյեկտ թռչելիս։ ԻՀՊԿ ՕՏՈՒ-ի հրամանատարի հավաստմամբ, անօդաչու թռչող սարքերի արտադրության ասպարեզում Իրանն այժմ համարվում է աշխարհի 4 կամ 5 առաջատար երկրներից մեկը և առաջինը՝ տարածաշրջանում։

«Օրինակ, իրանական «Շահիդ-129» դրոնը շուրջօրյա թռչում էր Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դիրքերի վրա, և այն օգտագործվել է նաև սիրիական բանակի, ռուսների, նաև «Հըզբոլայի» կողմից»,- ասել է գեներալը IRIB հեռուստաընկերությանը։

Վերջին տարիներին ԱԹՍ-երի իրանական ծրագիրն ընդարձակվել է, ներառելով ավելի քան 12 մոդել, որոնք կիրառվում են տարբեր նպատակայնությամբ, դիտարկումից  սկսած, մինչև հետախուզական տվյալների հավաքումը, ռմբակոծումն ու թիրախների մահապարտ խոյահարումը։ Նրանք կարևոր դերակատարություն ունեն ահաբեկիչ-թաքֆիրականների դեմ պայքարում։

Գեներալի հայտնած տեղեկություններից առաջ, նոյեմբերի 19-ին իրանական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Խանզադեն «Al-Alam» լրատվականի հետ հարցազրույցում պատմել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն արդյունավետորեն նվազեցրել են Պարսկական ծոցում իրենց ռազմանավերի թվաքանակը։

«Թվերը ցույց են տալիս, որ այս տարեսկզբից սկսած, նրանք լքել են Պարսկական ծոցը և, իհարկե, նրանց ներկայությունը ոչ մի արդյունք չի տվել, բացի անկայունությունից ու տարածաշրջանային պետությունների միջև անհամաձայնությունից», – ասել է փոխծովակալը։ Նա նշել է նաև, որ փոքրաքանակ ռազմանավերը, որ դեռ գտնվում են Պարսկական ծոցում, իրավունք չունեն խախտել միջազգային ծովային կանոններն ու դրույթները։

Մենք չգիտենք՝ կապվա՞ծ է, արդյոք, փոխծովակալի այս հայտարարության հետ այն հանգամանքը, որ արդեն նոյեմբերի 22-ին Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը հայտարարեց, որ Միջազգային ծովային կազմակերպությունը (IМО) պատասխանել է Իրանի պահանջին և ԱՄՆ-ին ու այլ անդամ երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սպառնալ ծովում միջազգային անվտանգությանը։

Ինչպես հայտնում է իրանական «Mehr News» կայքը, ավելի վաղ, նոյեմբերի 12-ին Իրանի դեմ պատժամիջոցների կիրարկման երկրորդ փուլից մեկ շաբաթ անց Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Բրայան Հուկը սպառնալիքներ էր տեղացել տարածաշրջանի երկրների ու նավահանգստային օպերատորների հասցեին, պահանջել էր դադարեցնել իրանական նավթային տանկերների սպասարկումը և արգելել իրանական բոլոր նավերի մուտքը ցանկացած միջազգային ջրուղի ու նավահանգիստ։ Եվ ահա՝ փոխծովակալ Խանզադեի ու Լոնդոնում Իրանի դեսպան Բայեդինեժադի հայտարարությունները։ Ահա նաև «Twitter»-ում վերջինիս գրառումը․ «Մի քանի րոպե առաջ Միջազգային ծովային կազմակերպության Խորհուրդը Լոնդոնում Իրանի առաջարկով քննելով ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ փաստաթուղթը, կոչ արեց Միացյալ Նահանգներին և այլ անդամ երկրներին զերծ մնալ բոլոր տեսակի գործողություններից, որոնք կարող են սպառնալ միջազգային ծովագնացության անվտանգությանը և ազատ ծովագնացությանը»։

Կարծում ենք, ոչ պակաս կարևոր է նաև նոյեմբերի 22-ին ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարիի հայտարարությունն Սպահանի Ֆալավարժան  շրջանում, ում խոսքերը մեջբերում է «Mehr News»-ը․

«Մենք վկան դարձանք պաշտպանական, ռազմական, քաղաքական ու տնտեսական ծրագրերի գլոբալ ամբարտավանության ձախողումների շարունակությանը, նույնը՝ անվտանգության ասպարեզում։ Իրանի դեմ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ի ձախողումը կարելի է տեսնել նույնիսկ արևմտյան վերլուծաբանների արտահայտություններում»։

ԻՀՊԿ հրամանատարը մեջբերել է արևմտյան վերլուծաբանի խոսքը՝ «Թեհրանը պասսիվ չի մնա, եթե Միացյալ Նահանգներն ինչ-որ սպառնալիքներ ու պատժամիջոցներ առաջադրեն, և, ամենայն հավանականությամբ,  Իրանի վրա ճնշումները բացասական հետևանքներ կունենան հենց իր՝ ԱՄՆ-ի համար», և ընդգծել, որ Արևմուտքն ինքն է խոստովանում իր պարտությունները։ Ջաֆարին ծաղրել է ԱՄՆ-ի վարչակազմին Կալիֆորնիայի անտառային հրդեհների դեմ պայքարի ձախողման համար, հայտարարելով, որ «ԱՄՆ-ը չի կարողանում հանգցնել հրդեհն անտառում, ինչը խոսում է բոլոր ոլորտներում նրա հզորության նվազման մասին, և, կարելի է հաստատել, որ Ամերիկան միշտ է ձախողվել բոլոր տեսակի պատերազմներում, որ նա մղել է Իրանի և Իսլամական հեղափոխությունը պաշտպանող մյուս մուսուլմանական ազգերի դեմ»։

Հիշեցնենք, որ «ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմում Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու» կամավորներ դառնալու որոշում ԻՀՊԿ-ի ու «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի մարտիկներն ընդունել էին դեռևս ամռանը։ ԻՀՊԿ-ի ու «Բասիջի» նախաձեռնությունը պաշտպանել էին նաև Իրանի սահմանադրական զինված ուժերը։ Այսինքն՝ ներկա սրացման պարագայում ԱՄՆ-ի ինչ-ինչ հույսերը, թե Իրանի զինվորականների և, ընդհանրապես, հատուկ ծառայությունների մի մասը կդավաճանի հայրենիքին և կփորձի զինված հեղաշրջում կազմակերպել Իսլամական հեղափոխության կարգի և անձամբ այաթոլլա Համենեիի դեմ, պետք է որ ի դերև լինեին դեռ ամռանը։ Այս ամսվա ընթացքում ԻՀՊԿ զինվորականների հայտարարությունները, ինչպես տեսնում ենք, ցույց են տալիս, որ Իրանի ազգային անվտանգության համակարգի ռազմական բաղադրիչը հուսալի վահան է մնում ԱՄՆ-ի նկրտումների և իրանական ազգի մնացյալ թշնամիների դեմ։

 

Սերգեյ Շաքարյանց