Երեք օր տևած քննարկումից հետո «Իմ քայլը» տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրի` չնայած թեկնածուների հանդեպ համակրանքին: Այս մասին այսօր ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, այդ որոշումը ոչ մի կերպ կապված չէ թեկնածուների հետ, այլ գերագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իշխող ուժի վերաբերմունքի դրսևորումն է:

«Այս քայլով մենք ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը ոչ թե այն թեկնածուների հանդեպ, ում նկատմամբ մեծ հարգանք ենք տածում, այլ` պարոն Վարդազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում նրա գործունեության, ինչպես նաև նրա հայտարարությունների»,- ասաց Մակունցը։

Իշխանականների՝ օրակարգից շեղումը ընդունելի չէր անկախ պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Սոֆյա Հովսեփյանի համար։ Գևորգ Պետրոսյանը երեկ իշխանականներին հեգնեց, ասելով, որ մնում է ԲԴԽ նախագահին հարցնեն՝ ինչո՞ւ է աղմկում գետը։ Իսկ Սոֆյա Հովսեփյանն էլ նկատել էր՝ ինքը չի կարողանա ընտրություն կատարել, քանի որ թեկնածուներին ուղղված հարցեր չեն եղել, և իրենք չեն հասցրել ճանաչել թեկնածուներին։ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ, իր ելույթում հստակ անդրադարձ էր կատարել իշխանական պատգամավորների հարցերին՝ ասելով, որ այդ ամենը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրավունք չունեն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու։