Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 19)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձի (անձանց) մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի մասը, որն ընդգրկում է 11-12 տնատիրություն, թշնամուն` Ադրբեջանի Հանրապետությանը  հանձնելով, որը նույնպես Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ թշնամական գործունեություն իրականացնելու համար կամ դրա հնարավորությունն ընձեռող որոշակի օգնության ցուցաբերում է` կատարված ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

2. Այն փաստով, որ Շուռնուխ գյուղը, ըստ «Հայկական սովետական հանրագիտարան»-ի (հատոր 8, էջ 602, Երևան, 1982 թ.) նույնիսկ խորհրդային տարիներին պատկանել է Հայաստանին, հանդիսացել է ՀՍՍՀ Գորիսի շրջանի բնակավայրերից մեկը:

3․ Այն փաստով, որ Շուռնուխ գյուղը խորհրդային տարիներին Հայաստանի ՍՍՀ և Ադրբեջանի ՍՍՀ սահմանից հեռու է եղել առնվազն 1 կմ և ամբողջությամբ գտնվել է Հայաստանի կազմում: Դա է վկայում նաև 1961թ. հրատարակված «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՅԻ ԱՏԼԱՍ»-ը (ԵՐԵՎԱՆ- ՄՈՍԿՎԱ, 1961)` հաստատված ու հրատարակված այն ժամանակվա ՍՍՌՄ իրավասու ամենաբարձր մակարդակով` ՍՍՌՄ Երկրաբանության և ընդերքի պահպանության մինիստրության Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից: Այս պաշտոնական ատլասում առկա քարտեզում հստակ երևում է, որ Գորիս-Կապան ճանապարհից մինչև սահման առնվազն 1 կմ հեռավորություն կա։ Քարտեզի մասշտաբը 1։1․000․000 է։

«Շուռնուխի 11 տները կառուցված են անմիջապես ճանապարհի կողքին, հետևաբար ամբողջությամբ մտնում են ՀՀ տարածքի մեջ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  լրագրող Նաիրի Հոխիկյանը և իր գրառմանը կցել վերոնշյալ քարտեզը:- Եթե ուշադիր նայենք, կնկատենք նաև, որ ճանապարհի որևէ հատված Ադրբեջանի ՍՍՀ տարածքով չի անցնում»։ Նույնը պնդում եմ նաև ես:

4․ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի` ս. թ. հունվարի 10-ին հայտնած այն տեղեկությամբ , թե Սյունիքի մարզում ինչպես է որոշվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանների խնդիրը.

«Տեղում ստուգեցինք՝ ինչպես են դրանք որոշվում,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հրանտ Բագրատյանը:- Պարզվեց գործում է հետևյալ հասարակ սխեման. տվյալ սահմանային զորակետ է գալիս Ադր-նի բարձրաստիճան սպան, գրպանից հանում է Samsung հեռախոսը, միացնում է Google-ի GPS-ին և ասում. սա է սահմանային գիծը։ Երբ մերոնք իրենց հերթին I-phon-ի վրա ցույց են տալիս, որ այդպես չէ, ադրբեջանցիք հորդորում են. զանգեք Փաշաևին (Փաշինյանին)։ Երևան զանգելուց հետո մերոնք կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադր-ցի զինվորականները»։

5․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանը Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հայտնած այն տեղեկությամբ, որ 2021թ. հունվարի 5-ից Շուռնուխ գյուղի նույնիսկ փողոցն անցնելը դառնում է խնդիր։ Ավելին. ինչպես ասել է գյուղապետը, «եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետևից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»։ Յուրաքանչյուր հայի պարզ է ադրբեջանցի սահմանապահների իմացած մեթոդը` անվարան գնդակահարել «իրենց» տարածք անցած հայի անասուններին, ինչպես, առանց աչք թարթելու, վարվեցին հայերիս նկատմամբ, կամ գերեվարել (տվյալ դեպքում` սեփականել, յուրացնել):

6․ Գորիսի քաղաքապետի հայտնած այն տեղեկությամբ, որ հունվարի 8-ից անասնապահության և արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու»:

7. ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի («Զինված ուժերը և պաշտպանությունը») 1-ին մասով, որի իմպերատիվ (ոչ թե հայեցողական, այլ պարտադիր կատարման ենթակա) պահանջի համաձայն` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Փաստորեն ՀՀ զինված ուժերի ղեկավարը (ղեկավարությունը) Շուռնուխի և Սյունիքի մարզի այլ տարածքների առնչությամբ գործի չդնելով ՀՀ զինված ուժերը, չընդդիմանալով թշնամի պետության ղեկավարի` Իլհամ Ալիևի հետ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական, հակաօրինական, դավաճանական բանավոր պայմանավորվածությանը և Նիկոլ Փաշինյանի կամքին, չի կատարել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասից բխող իր սահմանադրական ու սրբազան պարտականությունը, այն է` ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը, թույլ է տվել, որ Ադրբեջանի զինված ուժերը, նույնիսկ առանց հարձակման, խախտեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, սպառնալիքի տակ դնեն մեր երկրի անվտանգությունը:

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան