Քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով վերելակներ կտեղադրվեն պատերազմի հաշմանդամների համար. Մարության

«Սոցապ նախարարի հետ արդեն խոսել եմ և խնդրել, որ վերջնական ճշգրտումներ անի, մեզ փոխանցի բոլոր այն երևանաբնակ տղերքի ցուցակը, որոնք պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել, և մենք քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով բոլոր շենքերում վերելակներ կտեղադրենք, որոնք թույլ կտան սայլակներով այնտեղ մուտք գործել»,- այսօր Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հայտնեց, որ վերջին շրջանում քաղաքապետարանում պարգևավճարներ չեն բաժանվել, և այդ խնայողություններն ուղղվելու են ճիշտ նպատակին:

«Արդեն շուրջ 6 ամիս է, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակ չի բաժանում պարգևավճարներ»,- հայտարարեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին, որոնք պատրաստական են եղել աջակցել այդ հարցում:

Նրա խոսքով, պատերազմի հետո այդպիսի որոշում կա և ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմը գիտակցում է, որ իրենք անմասն չպետք է մնանք այս ամենին:

Մարությանը նշեց, որ հենց այդ միջոցները կտրամադրվեն շենքերում հաշմանդամների համար նոր վերելակների տեղադրմանը: Մարությանը նաև հայտնեց, որ այս շաբաթ մրցույթ կհայտարարվի և նախորդ տարվա ծրագրի համաձայն 2021 թվականին ևս 100 վերելակ փոխարինելու համար:

Քաղաքապետը հայտնեց, որ իրենց հնարավորությունների շրջանակներում լուծելու են նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցերը: