Կազանում ահաբեկիչների բջիջ է ոչնչացվել. «Ինտերֆաքս»

ՌԴ ԱԴԾ-ն հայտնում է ՌԴ-ում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 5 անդամի Կազանում ձերբակալելու մասին, որոնք Թաթարստանի մուսուլմանների շրջանում հավաքագրմամբ են զբաղվել։ Փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Կազանում ահաբեկիչների բջջի գործունեությունը կանխվել է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ՆԳՆ ստորաբաժանումների և Ռոսգվարդիայի հետ համատեղ, այսօր հայտնել է ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածները «իրականացրել են հակասահմանադրական գործունեություն՝ հիմնված, այսպես կոչված, համաշխարհային խալիֆաթի ստեղծման, աշխարհիկ հանրության ինստիտուտների ոչնչացման հայեցակարգի վրա և ուղղված գործող իշխանությանը բռնի ճանապարհով տապալելուն»։

Ձերբակալվածները հավաքների ժամանակ Թաթարստանի բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքեր են հավաքագրել մուսուլմանների:

Ձերբակալվածների բնակության վայրերում հայտնաբերվել և առգրավվել են Ռուսաստանում արգելված «Հիզբ ուտ-Թահրիր ալ Իսլամի» կազմակերպության զգալի քանակությամբ քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, որոնք նրանք օգտագործում են ահաբեկչական գործունեության մեջ։

Անվտանգության մարմնի քննչական ստորաբաժանումը ֆիգուրանտների դեմ քրեական գործ է հարուցել։