«Հայ հասարակության անունից՝ ՄԱԿ-ի հիշատակին». ՀՀ քաղաքացիները կազմակերպել են ՄԱԿ-ի «թաղումը»

Ի պատասխան միջազգային հանրության լռության՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ծաղկեպսակով զետեղելով ու կազմակերպելով կառույցի «հուղարկավորությունը»: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նրանք նաև խունկ են ծխել: Ծաղկեպսակի վրա գրված էր «Հայ հասարակության անունից ՄԱԿ-ի հիշատակին»:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք տպավորություն ունեն, թե կառույցը վաղուց է մահացած եղել: «Երբ մտահոգություններ են հայտնում, երկուստեք հայտարարություններ են արվում, այդ ամենը վիրավորական է Հայաստանի համար: Ամբողջ աշխարհին պարզ է, թե ինչ  է կատարվում, սակայն միայն ասել, որ ընդամենը պետք է զսպվածություն ցուցաբերել ու հարգել հրադադարի կոչը, ուղղակի ծաղրի է ենթակա: Մեր այս քայլը պատասխան է իրենց նմանատիպ արձագանքին»,- նշեց մասնակիցը: Ներկայացնելով իրենց պահանջը՝ նա ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կոչերը, տա հստակ գնահատականներ, ծրագիր մշակի, որը կբխի մարդասիրական, միջազգային նորմերից, ինչն էլ իր հերթին վերջ կդնի Արցախում տիրող իրավիճակին:

Արդեն գրեթե մեկ ամիս է, որ Արցախի և Հայաստանի հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում գտնվող միջազգային մի շարք կառույցների, դեսպանատների դիմաց: Դրանց մասնակիցները միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային: