Մասիս Մայիլյանը կնշանակվի ԱՀ արտաքին գործերի նախարար

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում կադրային նոր նշանակումներին:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի գերատեսչության ներկայիս ղեկավար Մասիս Մայիլյանը:

«Կցանկանայի ընդգծել, որ ես համագործակցության կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, և Մասիս Մայիլյանն ընդունել է իմ առաջարկը: Քանիցս նշել եմ, որ մեր հարաբերությունները միշտ էլ եղել են ջերմ, և այս փուլում կարևոր եմ համարում նրա հետ համագործակցությունը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք քաղաքական առևտուր ենք արել: Ընդհակառակը՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք այսօր կան, մենք համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,- ավելացրել է Ա․ Հարությունյանը: