Կորոնավիրուսի համավարակից «շահած» երկրները
Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան հայտնվել են այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք հաղթել են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին ապրիլի 28-ին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հարցված փորձագետներին։
Մասնագետների կարծիքով՝ նշված երեք պետությունները համեմատաբար արագ են հաղթահարել COVID-19-ի տարածումը, ինչը նրանց օգնել է վերագործարկել տնտեսությունը և վերսկսել ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքը:
Դրանից հետո նրանք ավելի գրավիչ են դարձել ներդրողների համար, ինչն արտացոլվում է այդ երկրներում ազգային արժույթների ամրապնդմամբ։
Նշվում է, որ կարևոր դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ Չինաստանը՝ բոլոր երեք պետությունների համար գլխավոր առևտրային գործընկերներից մեկը, աստիճանաբար վերացնում է սահմանափակումները:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 138 903 է, մահացել է 218 010 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Աղբյուրը՝ tert.am