ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան խուճապի մեջ են նավթի գների պատճառով

Կորոնավիրուսի համաճարակից բացի՝ աշխարհն այսօր կանգնած է հնարավոր մեծ և երկարատև էներգետիկ ճգնաժամի վտանգի առաջ: Այս օրերին մասնավորապես արևմտյան երկրների իշխանությունների և քաղաքացիների մտահոգությունների լրջությունն ավելի նկատելի է: Նորությունները վերլուծելիս անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գիտեն Չինաստանի և Ռուսաստանի արժույթային տնտեսական քաղաքականության նրբությունների մասին, օրինակ, ԱՄՆ-ում: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ են ԱՄՆ իշխանությունները էներգետիկ ոլորտում իրավիճակը կապում այն բանի հետ, որ Չինաստանն ու Ռուսաստանը պարբերաբար «խաղում են» իրենց արժույթները արժեզրկելու ուղղությամբ:

Այս հարցերը բխում են տարօրինակ, երբեմն հակասող առաջարկներից, որոնք գալիս են Վաշինգտոնից: Ընդ որում, այս առաջարկները զուգորդվում են Չինաստանի և Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներով, որ այս երկու տերությունները որոշել են խարխլել համաշխարհային տնտեսությունը: Բայց խնդիրն այն է, որ այժմ և Չինաստանը, և Ռուսաստանը անբաժան են համաշխարհային տնտեսությունից: Եվ եթե Պեկինը և Մոսկվան իրականում պատրաստվում են փլուզել համաշխարհային տնտեսությունը, ապա ստացվում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են նաև իրենց տնտեսական ճգնաժամին: Դե, մենք չենք համարձակվում խոսել Ռուսաստանի մասին, բայց այն, որ Չինաստանը ցանկանում է ռիսկի դիմել առանց հաշվարկի, մեր կարծիքով չափազանց համարձակ ենթադրություն է: Չինացիները միշտ խելամիտ են, միշտ այսպես կոչված՝ «նահանջի ուղիներ» ունեն, այսինքն՝ նրանք ռիսկային գործողությունների չեն անցնում առանց ռեսուրսների հաշվարկի և առանց իրենց տնտեսական թիկունքն ստուգելու:

Այժմ Միացյալ Նահանգների հակասական հայտարարությունների մասին: Օրերս Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում էր ռուբլու փոխարժեքի կանխամտածված արժեզրկման համար և նույնիսկ սպառնում նոր պատժամիջոցներով: Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ Վաշինգտոնը ստիպված է միջոցներ ձեռնարկել ռուբլու և չինական յուանի նկատմամբ դոլարի փոխարժեքը իջեցնելու համար: Հավանաբար իշխանությունները և Միացյալ Նահանգների գործարար վերնախավը գիտեն մի բան, ինչը հասանելի չէ, օրինակ, Ռուսաստանի կամ Չինաստանի քաղաքացիների համար: Քանի որ ամերիկացիները մեղադրում են Մոսկվային… աշխարհում նավթի գների արհեստական ​​իջեցման համար: Իսկ Չինաստանին մեղադրում են Ռուսաստանին օժանդակելու համար: Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային խնդրում են կտրուկ ավելացնել նավթի արդյունահանումը և նավթի վաճառքը համաշխարհային շուկայում: Որտե՞ղ է տրամաբանությունը: Չէ՞ որ նավթի արդյունահանման և համաշխարհային շուկայում վաճառքի աճը նույնպես հանգեցնում են նավթի գների անկման: Սակայն Սաուդյան Արաբիային ևս ամերիկացիները սպառնում են պատժամիջոցներով, ճիշտ է, այլ բանի համար՝ եթե սաուդցիները հրաժարվեն ԱՄՆ առաջարկից ավելացնել նավթի արդյունահանումը և վաճառքը:

Վերջերս համաշխարհային ԶԼՄ-ները, այդ թվում ազդեցիկ Bloomberg գործակալությունը (ԱՄՆ-Իսրայել) գրում էին, թե պարզվում է՝ Սաուդյան Արաբիան արդեն պարտվել է «նավթային պատերազմում»,  ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին: Իրանին պարտվելը նախատեսված էր. նավթի արդյունահանման որևէ սահմանափակում Իրանին չի վերաբերում: Իրանը հասել է նրան, որ ՕՊԵԿ-ի ներսում բոլոր երկրները հաշվի առնեն այն փաստը, որ Թեհրանն իրավունք ունի վերադառնալ նավթի արդյունահանման և վաճառքի նախապատժամիջոցային վիճակին: Եվ նույնիսկ հիմարները գիտեն, որ Իրանը շատ ավելի նավթ ունի, քան Սաուդյան Արաբիան կամ որևէ այլ արաբական երկիր: Իսկ թե ինչպես են սաուդցիները «նավթի պատերազմում» պարտվել ռուսներին, արժե ընդգրկել աշխարհաքաղաքականության դասագրքերում: Ռուբլու արժեզրկումն անիմաստ է դարձրել Սաուդյան Արաբիայի բոլոր սպառնալիքները. ռուսական նավթը դարձավ (համաշխարհային շուկայում) ավելի էժան, քան այն գումարային սահմանները, որոնցով պատրաստվում էին սահմանափակվել սաուդցիները: Եվ հիմա խուճապի են մատնվել ԱՄՆ իշխանություններն ու նավթային տնտեսությունները. այսպես կոչված «թերթաքարային նավթային աշխատողները» սկսել են սննկանալ, իսկ նրանց մեջ է ոչ միայն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը փորձում է դառնալ Դեմոկրատական ​​կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի թեկնածու…

Ավելի խորքային վերլուծություններ անելը դեռ վաղ է: Բայց ինչ-ինչ պատճառներով հանգում ենք այն վարկածին, որ ամենևին էլ պատահական չէ մոլորակի վրա «նավթային պատերազմի» համընկնումը կորոնավիրուսային վարակի տարածման հետ:

Սերգեյ Շաքարյանց