Թիկունքից հարված Արցախին. թուրքամետ սորոսականներն անցել են գրոհի, թեկնածուն Մայիլյանն է

Նիկոլ Փաշինյանի, դեռ երկու տարի առաջ, Արցախում դավադիրներ փնտրելու հայտնի կոչերը, Արցախի հերոսներին, պատերազմով անցած նվիրյալներին ջանադրաբար վարկաբեկելը,  հեղինակազրկելը հստակ նպատակ ունեին: Ու կանխատեսվեց  Փաշինյանի ձեռքով իրականացվելիք սցենարը,  բացվեցին փակագծեր. աշխարհաքաղաքական գործընթացներին իրազեկ գործիչները ահազանգեցին՝ արտաքին ուժերի աջակցությամբ Հայաստանում հեղափոխություն իրականացրած Փաշինյանը եկել է հատուկ նպատակով, դա Արցախն Ադրբեջանին հանձնելն է: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է նախ Արցախը ներսից պառակտել:

Հետագա գործընթացները՝ Արցախի հարցում Փաշինյանի որդեգրած «լողացող» քաղաքականությունը՝ «բարեկիրթ» Ալիևի հետ վերելակային հանդիպումից սկսած մինչև մյունխենյան խեղկատակություն, եկան հաստատելու հնչեցվող ահազանգի իրական լինելը:

Այժմ էլ  նախընտրական Արցախում տիրող լարվածությունը  հաստատում է այն մասին, որ քայլ առ քայլ իրականացվում է դավադիր սցենարը: Իսկ սցենարի կարևորագույն քայլերից մեկը, նախ, սորոսական Մասիս Մայիլյանին Արցախի նախագահ դարձնելն է: Եվ դա փորձ է արվում իրականացնել  ամեն գնով՝ Արցախը ներսից պայթեցնելով.  ներարցախյան քաղաքական դաշտում լարումներ մտցնելով, մեկմեկու հանդեպ թշնամանք հրահրելով:

Այո, Փաշինյանն իր սցենարի իրականացման ճանապարհին է…

«Թավշյա հեղափոխության» առաջնորդի  ձեռքով  Արցախն այսօր,  առավել քան երբևէ,  հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի դաշտում, ավելին, փորձ է արվում հայկական Արցախը վերածել  տարաբնույթ քաղաքական տնտեսական շահերի բախման կիզակետի:  Նախընտրական Արցախ են ներմուծվել արտաքին տարբեր ուժային կենտրոնների սպասարկուները: Ամեն մեկն ակնկալում է այս «համեղ պատառից» ձեռք գցել քաղաքական «փայաբաժին» ու դրանով ամրացնել իր քաղաքական ներկայությունն Արցախում:

Հայաստանի իշխանության հանցավոր թողտվությամբ Արցախն արտաքին միջամտությունների թիրախում է…

Անցած տարիներին հաճախ ենք մեր վերլուծություններում անդրադարձել այն իրավիճակին, որն առկա էր  90–ականների Ադրբեջանի ներքաղաքական կյանքում,  շեշտելով, որ նաև ներքաղաքական քաոսը պատճառ դարձավ Ադրբեջանի պարտության: Եվ  մշտապես զգոնության կոչ ենք արել՝ երբե՛ք թույլ չտալ, որ նույնը տեղի ունենա Հայաստանում ու Արցախում, քանզի դա կզրոյացնի արցախյան ազատագրական պայքարի մեր հաղթական ձեռքբերումները ու կործանարար կլինի հայկական երկու պետությունների,  հայ ժողովրդի համար:

Սակայն այսօր թավշյա հեղափոխության առաջնորդի ձեռքով հայկական երկու պետություններում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը հիշեցնում է  90-ականների Ադրբեջանում ստեղծվածը: Իզուր չեն  Փաշինյանին անվանում  հայկական  Էլչիբեյ: Եվ իզուր չեն Ադրբեջանն ու Թուրքիան,  արտաքին ուժերի հետ մեկտեղ, սրել իրենց ախորժակն առ Արցախ:

ՍՈՐՈՍԱԿԱՆ ՄԱՅԻԼՅԱՆԸ

Փաշինյանը հաճախ է ընդգծում հայաստանյան թավշյա հեղափոխությունը  Արցախ  արտահանելու կարևորության մասին: Եվ փաստորեն այսօր այդ առաքելությունը դրված է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի վրա: Եթե վերջինս դառնա Արցախի նախագահ, ապա Արցախում կկատարվի այն, ինչն արտաքին ուժերի ուղղորդմամբ, Փաշինյանի ձեռքով այսօր տեղի է ունենում Հայաստանում:

Մայիլյանն ամեն ինչում Փաշինյանի կրկնօրինակն է. նույնական են թե՛ հնչեցվող  ելույթների բովանդակությունը, թե՛ օգտագործվող բառապաշարը:  Անգամ այն դաշինքը, որով Մայիլյանը մտավ նախընտրական պայքարի մեջ, Փաշինյանի՝ «նոր Հայաստան» ձևակերպման կրկնությունն է ու կոչվում է  «Նոր Արցախ» դաշինք: Այսքանով չի ավարտվում Փաշինյան-Մայիլյան զույգի նմանությունը: Ե՛վ Փաշինյանի, և՛ Մայիլյանի թիկունքում նույն արտաքին ուժերն են՝ իրենց ներքին սպասարկուներով:

Արցախն այսօր լցված  է սորոսականներով: Թուրքամետ Սորոսի կողմից ֆինանսավորվող մանկլավիկներն Արցախ են մեկնել գործողությունների կոնկրետ պլանով. Արցախում քաոս ստեղծելու և  նախագահի պաշտոնին սորոսական թեկնածու կարգելու համար: Այդ թեկնածուն Մասին Մայիլյանն է:

Մայիլյանի սորոսական լինելը գաղտնազերծվեց դեռ մեկ տարի առաջ: Երբ հայտնի դարձան նրա գաղտնի հանդիպումները հայտնի սորոսիստների հետ:  Մայիլյանը, Ստեփանակերտում ու Երևանում, ակտիվ  հանդիպումներ էր ունենում հայտնի սորոսական  Դանիել Իոաննիսյանի հետ: Իսկ թե ո՞վ է Իոաննիսյանը, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հիշեցման կարգով ասենք, որ Դանիել Իոաննիսյանի կողմից համակարգվող «Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ-ի ֆինանսական  դոնորը «Բաց հասարակության» կամ Սորոսի հիմնադրամն է, որից հիշյալ ՀԿ-ն ստացել է ավելի քան 420․000 դոլարի դրամաշնորհ։

Իոաննիսյանը դեռ անցած տարի Արցախում սկսեց իր ակտիվ գործունեությունը՝ Ստեփանակերտում գրասենյակ բացելով: Իսկ հիմա զբաղված է Արցախի նախագահական ընտրությունների լուսաբանմամբ: Հիշյալ սորոսական  ՀԿ-ի  քարոզչական պաստառներում նախագահի նախընտրելի թեկնածուն Մասիս Մայիլյանն է…

Մայիլյանի շփումը «սորոսական» շրջանակների հետ չի ավարտվում  միայն Իոաննիսյանի հետ ունեցած կապերով: Նա ակտիվ կապեր ունի Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող, ԱՄՆ ազդեցության գործակալ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ: Համագործակցում է նաև հայտնի սորոսական  Գեղամ Բաղդասարյանի հետ, ով ժամանակին հսկայական գումարներ էր ստացել «Ազգ-բանակ» գաղափարախոսության դեմ սուր ճոճելու,   հակաքարոզչություն իրականացնելու համար: Եվ այսօր սույն անձն ակտիվորեն զբաղված է Մայիլյանի նախընտրական քարոզչությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի սրտի թեկնածուն ևս սորոսական Մասիս Մայիլյանն է:

Այսպիսով, այս ամենն ի մի բերելով, ինչպես ասում են՝ շղթան ամբողջանում է.  թրքամետ, հակառուս Սորոսը, իր ամերիկյան տերերի հետ միասին Արցախում գործի է դրել մի սցենար, որի վերջնանպատակը Արցախն իրենց կողմից կառավարելի դարձնելն է:

ՍՈՐՈՍԱԿԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Դեռևս փետրվարի 29-ին  LIVEnews.am կայքը, հղում տալով իր հավաստի աղբյուրներին, հրապարակեց տեղեկատվություն, համաձայն որի,  Արցախի արտաքին գործերի նախարար, Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է։ Բաբայանը աղմուկ բարձրացրեց, փորձեց հակադարձել՝ կիսատ-պռատ, փաստեր պահանջել: Եվ ահա նախօրեին  «Армянская телебашня»  ալիքը հրապարակեց մի փաստաթուղթ, որը փաստում է այն մասին, որ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է:

Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը. պարզվում է արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից: Ի դեպ, փաստաթղթում ամրագրված է սահմանված արգելքի ժամանակահատվածը՝  2020 թվականի մարտի 11-ից մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Այսինքն, Մայիլյանի  մուտքը ՌԴ արգելափակված է  5 տարի ժամկետով:

«Արգելանքի որոշումը կայացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Աղբյուրը նաև ուշադրության է հրավիրում այն փաստին, որ որոշման մեջ նշված անձնագրի սերիան դիվանագիտական է»,- գրում է LIVEnews.am-ը:

Ուշադրություն դարձնենք երկու կարևոր հանգամանքի վրա:

Առաջին, ո՞րն է արգելանքի պատճառը: Պարզվում է, որ ՌԴ-ի կողմից սահմանված մուտքի արգելքն ուղղակիորեն պայմանավորված է Մայիլյանի  սորոսական կապերով: Միամտություն էր կարծել, թե Մասիս Մայիլյանի սորոսական կապերը հնարավոր էր թաքցնել Ռուսաստանի հատուկ ծառայությունների աչքից… Եթե սորոսական Մասիս Մայիլյանին հաջողվի դառնալ Արցախի Հանրապետության  նախագահ, կստացվի, որ չճանաչված պետության նախագահը մերժելի է Հայաստանի  ռազմավարական դաշնակցի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահող  երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից: Եվ ուրեմն, դատեք ինքներդ, թե ինչպիսի ծանր հետևանքներ կունենա այն Արցախի  համար:

Բացի Ռուսաստանից, Արցախում սորոսական  նախագահ ունենալը խնդրահարույց է լինելու նաև մեր մյուս հարևան երկրի՝ Իրանի համար: Արցախը Իրանի հետ ունի  100 կմ սահման, Մայիլյանի նախագահության դեպքում այն, փաստորեն, կարող է հայտնվել  թուրքամետ Սորոսի, նրա ամերիկյան տերերի ու հե՛նց Թուրքիայի վերահսկողության տակ:

Այս ամենի կործանարար  հետևանքները Հայաստանի ու Արցախի համար պարզից էլ պարզ են:

Երկրորդ, ուշադրություն դարձրեք արգելանքի համար սահմանված ժամկետին, այն   5 տարի է: Այսինքն, եթե հանկարծ Մայիլյանը ընտրվի Արցախի նախագահ, նա իր նախագահության հինգ տարիների ընթացքում անկարող է լինելու մուտք գործել  ռազմավարական դաշնակցի տարածք: Ասել է թե՝ Արցախն անկարող կլինի վարել բալանսավորված քաղաքականություն, ու ամբողջությամբ կհայտնվի արևմտյան  կողմի կրկնի տակ:

Եվ այդսպես, ամենևին պատահականություն չէր այն, որ Մասիս Մայիլյանի ՌԴ մուտքի արգելքի մասին վկայող փաստաթուղթը՝ տրված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից, շրջանառվեց  մարտի 31-ին Արցախում կայանալիք  ընտրություններից ընդամենը օրեր առաջ: Սա մեսիջ է, որ Արցախի արտգործնախարարը,  նախագահի թեկնածու Մայիլյանը ՌԴ -ի համար անցանկալի անձ է։

Հ.Գ. Ամեն ինչ պետք է անել կասեցնելու թուրքամետ սորոսականների գրոհը Արցախի վրա:

 Արմինե Սիմոնյան