Պոկել-տարել են Աբրահամ Գասպարյանի ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը
«Կողերի կոտրվածքներով, գլխուղեղի ցնցումով, գլխի պատռվածքով և բազմաթիվ սալջարդերով հոսպիտալացվեց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Գասարյանի կինը՝ Արփի Հարությունյանը։
Նա պատմել է՝ 4-5 կարմիր բերետավորներ, մատնացույց անելով Աբրահամին, տեսախցիկների առջևից փախցրել են, ապա մոտ 20 հոգով սմբակներով դաժան ծեծի են ենթարկել՝ հարվածներ հասցնելով թե՛ մարմնին, թե՛ դեմքին։
«Ուշագնաց է եղել, ջուր են լցրել դեմքին, ապա քարշ տալով, գլուխը՝ թաթախված արյան մեջ, առանց կոշիկների ու գրեթե առանց հագուստ, տարել բաժին։ Պոկել-տարել են ոսկե շղթան, հեռախոսը, դրամապանակը»,-գրել է Գասպարյանի կինը։
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով լրագրող, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը, Aysor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վերջինիս մոտ ախտորոշվել է կողոսկրերի կոտրվածքներ, բազաթիվ սալջարդեր։
«Հարվածներ են հասցրել կրծքավանդակին, գլխին և արնաշաղաղ գլխով տեղափոխել են բաժին՝ հիվանդանոց տանելու փոխարեն», – հայտնել է Հարությունյանը՝ հավելելով, որ բռնություն կիրառողները կարմիրբերատավորներ են եղել, որոնք խմբով հարձակվել են ու դաժան ծեծի են ենթարկել լրագրողին։ Գասպարյանը ոստիկանության բաժին է տեղափոխվել առանց կոշիկների։
Մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից անգամ փորձ էլ չեն արել հետաքրքրվելու լրագրողի վիճակով, այս պահին հիվանդանոց քննիչներ են այցելել:
Ավելի վաղ Արփի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ամուսնու լուսանկարներն ու գրել.
«Իզմիրլյան ԲԿ-ոմ ենք։ Գլխուղեղի ցնցում, փափուկ հյուսվածքների բազմաթիվ սալջարդեր։ Քիչ հետո կիմանանք КТ-ի պատասխանը»։