Կանխատեսվում է 9.1% տնտեսական աճ. Գրիգորի Մարտիրոսյանն ամփոփել է տնտեսական տարին

Ընթացիկ տարվա տնտեսական զարգացումներն ու արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները թույլ են տալիս սպասել, որ տարին կեզրափակենք 9.1% տնտեսական աճով` ապահովելով շուրջ 341 մլրդ դրամ ՀՆԱ, որը 1 շնչի հաշվով կկազմի ավելի քան 4800 ԱՄՆ դոլար` 2018 -ի 4355 ԱՄՆ դոլարի դիմաց: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ բնակչության կենսամակարդակը բնորոշող այս ցուցանիշով Արցախը գտնվում է տարածաշրջանի երկրների հետ համարյա թե նույն մակարդակում:

«Ընթացիկ տարվա 11 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2018թ․ համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 9.3%: 9 ամսվա տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 10.4%, որի  3.2 տոկոսային կետը ապահովել է արդյունաբերությունը (մշակող արդյունաբերություն՝ 4.4 տոկոսային կետ, էներգետիկան`1.1 տոկոսային կետ, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ (-2.3) տոկոսային կետ), 1.4 տոկոսային կետը` շինարարությունը, 7.7 տոկոսային կետը` առևտրի և ծառայությունների ոլորտը»,- ավելացրել է Գ. Մարտիրոսյանը:

Պետական նախարարը նշել է, որ 2019թ․հունվար-սեպտեմբերին Արցախում մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171 հազար 869 դրամ՝ 2018թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցված 159 հազար 382 դրամի դիմաց (աճ՝ մոտ 8%-ով)։

Տարեսկզբից շուրջ 15%-ով բարձրացվել էր առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը: Գալիք տարվա հունվարի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: (3600 ուսուցչի միջին ամսական աշխատավարձը մեկ դրույքի հաշվով կկազմի 161 700 դրամ:) Պետնախարարի խոսքով՝ հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը սահմանվել է 68 000 դրամ` այս տարվա 55 000 դրամի դիմաց:

2019թ. հուլիսի 1-ի դրությամբ նշանակված ամսական միջին կենսաթոշակի չափը 44 հազար 123 դրամ է` 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ 43 հազար 574 դրամի դիմաց (աճ 550 դրամով կամ 1.2%-ով): 2020-ի հունվարի մեկից կենսաթոշակները կբարձրանան միջինում 10%-ով:

«Այս տարվա առաջին կեսում հանրապետությունում նկատվել է սպառողական գների զուսպ աճ, իսկ հուլիսից արձանագրվել է գնանկում: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել  է 100.7%»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

Մամուլի ասուլիսին պետական նախարարը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված մի շարք հարցերին: