Ամերիկյան հարվածային ինքնաթիռների էսկադրիլիան վայրէջք է կատարել ԱՄԷ-ում
Ամերիկյան A-10 հարվածային ինքնաթիռների էսկադրիլիան վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Իսրայելին պաշտպանելու և Մերձավոր Արևելքում նրա թշնամիների հետագա ագրեսիան զսպելու համար, գրում է «The Wall Street Journal»-ը։
Մինչդեռ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում կռվել Իսրայելի կողմից, իսկ Երուսաղեմը ռազմական օգնություն չի խնդրում Վաշինգտոնից, հայտնում է Сегодня в Израиле-ն։
«Իսրայելցիների կողմից ոչ մի մտադրություն, պլան և, անկեղծ ասած, ցանկություն չկա, որ մեր մարտական զորքերը մասնակցեն այս հակամարտությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին:
Նշենք, որ վերջին տվյալներով էսկալացիայի պատճառով զոհված իսրայելցիների թիվը գերազանցել է 1,2 հազարը։