Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը
Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցում նոյեմբերի 6-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:
Երկու երկրների միջև միջպետական հարաբերություններն այսօր բարձր քաղաքական մակարդակի վրա են՝ շարունակելով ամրապնդվել բոլոր ոլորտներում, նշել է հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցության համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակում: Որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ նա արժևորել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն ընդգծել է համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումներն ու տարբեր մակարդակներում այցերը: «Հանձնաժողովն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի բաց և արդյունավետ քննարկումների համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը: Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ և հաջողությամբ համագործակցում են ոչ միայն ԱՊՀ միջխորհրդարանական և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում, այլ նաև խորհրդարանական տարբեր ձևաչափերում: Անդրադառնալով նիստում քննարկվող՝ ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հարցին, ԱԺ փոխնախագահը նշել է, որ հանձնաժողովի նիստերը թույլ են տալիս վերլուծել խնդիրները և գնահատել հետագա աշխատանքի հեռանկարները՝ միաժամանակ բացահայտելով խորհրդարանական մակարդակով համաձայնեցված որոշումներ կայացնելու հնարավորությունները: Նա համոզմունք է հայտնել, որ քննարկումները նոր խթան կհաղորդեն հետագա երկխոսությանը:
Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում հանձնաժողովի հաջող աշխատանքը, ընդգծելով կառույցի ամրապնդման մեջ Հայաստանի զգալի ավանդը: Նա նշել է, որ Հայաստանը 2019 թվականին հաջողությամբ նախագահել է ԵԱՏՄ մարմիններում և իր էական ավանդը ներդրել այդ միությունում: Յուրի Վորոբյովի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո լավ արդյունքներ են ձեռք բերվել: Մասնավորապես՝ 2018 թվականին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 2,5 տոկոսով, այդ թվում Հայաստանում 5,2, երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 18,8 տոկոսով, իսկ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը՝ 9,2 տոկոսով՝ հասնելով 60 մլրդ ԱՄՆ դոլարի:
Գյումրիում հրավիրված նիստի օրակարգում ԵԱՏՄ շրջանակում ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանն ու մոտարկմանը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութայի և մարդասիրական համագործակցությանը վերաբերող հարցերն էին:
Քննարկման ընթացքում հայ խորհրդարանականները կարևորել են մասնավորապես՝ Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության և հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:
Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մինչև տարեվերջ առաջարկություններ կներկայացնեն հաջորդ նիստի օրակարգի ձևավորման վերաբերյալ:
Նիստի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Գյումրի քաղաքի թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ գործում են նաև ռուսական դասարաններ: Ռուս պատգամավորները դպրոցի գրադարանին նվիրել են դասագրքեր, ապա ներկա գտնվել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառմանը: