Նոր շահառուներ աղքատության փուլային հաղթահարման ծրագրում

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու: Ինչպես տեղեկացնում է Սոցապնախարարության մամուլի ծառայությունը, այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծի հիմքում ընկած են նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող՝ «Նպաստ +» և «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրերի հաջողված փորձը, երբ ընտանիքներին՝ նպաստին զուգահեռ տրամադրվել են անասնապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: