Բուլղարիայի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիր
Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվեց միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը:
Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը:
Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։