Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ․ Րաֆֆի Հովհաննիսյան

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական  կարողացավ թշնամուն կանգնեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալների և արատների, նախորդ իշխանակարգերի պահվածքի: Ցավոք սրտի, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփականաշնորհվեց, կուսակցականացվեց և դարձավ մի հոգու, մի խմբակի սեփականությունը: Ի վերջո հասկացանք, որ նա ուներ  իշխանություն ունենալու, այն վայելելու և գուցե ինչ-որ ծրագրեր իրագործելու նպատակներ: Բայց, բոլոր դեպքերում, 5 տարի անց ապրում ենք աննախադեպ վայրէջք, մեր պետականությունը կորցնելու իրական հնարավորություն՝ մեր իսկ ձեռքով»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ եթե միասին որևէ բան չփոխենք, ապա գնում ենք մեր երկիրը հանձնելու ցեղասպանության ընթացիկ կազմակերպված ծրագրին: Հովհաննիսյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցավորությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական, ինքնիշխան տարածքներ, գիտակցաբար պատճառում է հազարավոր մահեր, դրժում է պետությանը տված իր երդումը և բազմաթիվ դրվագներով խախտում Սահմանադրությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ Փաշինյանը, որ  ինչ-որ ժամանակ ընտրվել է ժողովրդի կողմից, սակայն արդեն կորցրել է իր բովանդակային լեգիտիմությունը. «Չունի շնորհը, տղամարդկությունը, հայկականությունը,  արժանապատվությունը կամովին հեռանալ: Պետական մարմինները քայլ չեն կատարում: Այդ մարմինների ներսում կան լավ սպաներ, բայց որևէ մեկը որևէ ձայն չի հանում, չի ասում՝ գնում ենք գահավիժման, կործանման:

Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն: Այս վիճակի կրողը, հեղինակը դարձել է ազգային չարիք: Ուզում են Հայաստանը  դարձնել հաշմանդամ, կոնքային պետություն՝ այն հանձնելով ցեղասպանող թշնամիներին: Եվ դա անելով՝ տվյալ անձը նույնպես դառնում է հանցակից ցեղասպանողներին»,-հավելեց նա:

«Պատերազմ է գալու. Խաղաղության պայմանագիր կոչես, թե ինչ, այս մարդը տալու է ամեն  ինչ և բերելու է պատերազմ, իսկ մենք ի՞նչ ենք անում՝ պատերազմի ժամանակ պաշտպանվելու համար: Պետական մարմինները ի՞նչ սթափություն, ի՞նչ կազմակերպվածություն են բերում ժողովրդին՝ մեզ պատրաստելու այդ արհավիրքին»,-հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: