Հայաստանից Վրաստան գունավոր հեղափոխության տեխնոլոգնե՞ր են ուղարկվել

Ովքե՞ր են Վրաստանում խժդժություններ հրահրողները, և ի՞նչ կապ ունի դրանց հետ Հայաստանը

Դե ինչ, արևմտյան, այսպես կոչված, լիբերալիզմը նորից հաղթանակ տարավ Հարավային Կովկասում. մարտի յոթից Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Թբիլիսիի փողոցներն անհանգիստ էին: Ինչ-որ մարդկաց խումբ (դժվար չէ կռահել, թե ովքե՞ր և ինչ շահագրգռվածությամբ) Թբիլիսիի կենտրոնական փողոցներում բողոքի ակցիաներ էր իրականացնում ընդդեմ այդ օրենքի՝ նախ խաղաղ ակցիաներ, որոնք երեկ գիշերվա ընթացքում վերաճեցին ոստիկանների հետ բախումների՝ եվրոպական ժողովրդավարության բոլոր գունագեղ ատրիբուտներն օգտագործելով՝ փողոցներում կայանած մեքենաներն այրելով, խորհրդարանի մուտքն արգելակելով, օրենսդիր մարմնի և մոտակա խանութների շենքերի ապակիները վայրագաբար կոտրելով, ոստիկանների ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլներ» և այլ առարկաներ նետելով: Ինչին ի պատասխան՝ ոստիկանները ստիպված էին արցունքաբեր գազ օգտագործել ցուցարարների ուղղությամբ: Երկօրյա ցույցերի ընթացքում 133 ցուցարար էր բերման ենթարկվել, մի քանի տասնյակ ոստիկաններ վիրավորվել ու մարմնական վնասվածքներ էին ստացել:

Ցուցարարներին, ըստ իրենց վարկածի, փողոց էր հանել զայրույթն առ այն, որ Վրաստանը «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն ընդունելով՝ շեղվում է Եվրամիությանն ինտեգրվելու ուղուց և ջուրը գցում տասնյակ տարիների աշխատանքը, որն այդ ուղղությամբ իրականացրել են Վրաստանի նախորդ իշխանությունները: Մինչդեռ փողոց դուրս եկած ցուցարարները այս իշխանություններին մեղադրում են ռուսամետության և Եվրոպային, Արևմուտքին դավաճանելու մեջ՝ կեղծ հայտարարություններ անելով, թե իբրև այդ օրինագիծը ռուսական նման օրենքի ազդեցությամբ է ստեղծվել: Իրականում օտարերկրյա գործակալներին վերահսկող օրենքն առաջինն ընդունել է ԱՄՆ-ը՝ 1938 թվականին և այն գործում է մինչև օրս. այդ օրինագծին քաջածանոթ փորձագետները, ի դեպ, խոսում են վրացական և ամերիկյան օրենքների ակնհայտ նմանությունների մասին՝ անգամ կասկածներ հայտնելով, թե վրացական տարբերակը պարզապես ամերիկյան տարբերակի պատճենումն է՝ փոքր-ինչ ավելի մեղմացված:

Վրաստանոմ երկու օր շարունակ մթնոլորտը փոթորկած օրինագծի հեղինակները Վրաստանի խորհրդարանում գործող «Ժողովրդի ուժը» պատգամավորական խումբն է, որն առանձնացել է իշխող «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից և ներկայանում է որպես հասարակական շարժում, սակայն իշխող կուսակցության հետ շարունակում է իշխող մեծամասնություն կազմել: Նրանք միաժամանակ երկու օրինագիծ էին ներկայացրել, որոնցից մեկը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մյուսը, որն էլ օրենքի ուժ էր ստացել՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Առաջին փաստաթղթի համաձայն՝ այն ոչ պետական և ոչ կոմերցիոն կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնց ֆինանսական աղբյուրների 20 տոկոսից ավելին արտերկրից է, պարտավոր են տեղեկացնել իրենց մասին և գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ: Հակառակ դեպքում նրանց մինչև 10 հազար դոլարի տուգանք է սպառնում: Երկրորդ փաստաթուղթը տարածվում է ոչ միայն հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա, այլև կոմերցիոն կառույցների ու անհատների վրա, և այդ օրինագծով օրենքը խախտելու դեպքում ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն էր նախատեսվում: Բայց Վրաստանի խորհրդարանը ավելի փափուկ նախագծին էր նախապատվությունը տվել՝ հավանաբար իրենց ողորմածությունը ցույց տալով օտարերկրյա գործակալներին: Բայց թերևս իշխող կուսակցությունը, որի ձայների մեծամասնությամբ էլ նախագիծը օրենքի ուժ էր ստացել, իր հաշվարկներում սխալվել է, քանի որ արևմտյան գործակալներին սնուցողներն ավելի ճարպիկ էին և իրենց հաշվարկներում շրջահայաց՝ ինչպես պարզվեց: Արդյո՞ք 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո Հայաստանում խելամիտ, վերլուծող հանրությունը կարող է մեկ վայրկյան անգամ միամտորեն կարծել, թե օրենքի դեմ Թբիլիսիի փողոց էր դուրս եկել վրաց ժողովուրդը՝ պայքարելու այսպես կոչված ժողովրդավարական արժեքների ու իրավունքների համար: Մեր գլխին եկածից ու մեր քաղած դասերից հետո աներկբա է, որ Թբիլիսիում մարդկանց, որոնց մեջ ակնհայտորեն մեծամասնությունը գործակալական ցանցի ներկայացուցիչներն ու օտար գործակալական ազդեցությամբ կաշկանդվածներն էին, փողոց էին հանել իրենց արևմտյան տերերը հանրային բողոքի իմիտացիա ստեղծելով և այդկերպ Վրաստանի իշխող քաղաքական ուժի վրա ճնշումներ գործադրելով: Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, այս անգամ նրանց արշավը հաղթանակով ավարտվեց. Այսօր օրենքը հետ կանչեց Վրաստանի խորհրդարանը: Արժանին հատուցելով փողոցային ցուցարարներին, հարկ է նշել, որ ներսի ճնշումներով չբավարարվելով, Արևմուտքը նաև դրսից փորձեց շատաժի ենթարկել Վրաստանի  իշխանություններին: Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում լսեցրեց Վրաստանի իշխող կուսակցության անդամներին, որ Թբիլիսիում ցուցարարների կամքին չենթարկվելու, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելու, «ոչ ժողովրդավարական միտումներին» տուրք տալու հետևանքն այն կլինի, որ Վրաստանը կզրկվի Եվրամիության աջակցությունից և ինքնաբերաբար դուրս կթռչի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությանը հավակնող երկրների ցանկից: Եվ փաստորեն շանտաժն աշխատեց: «Վրացական երազանքն» ու օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի ուժը» հասարակական շարժումը համատեղ տարածած հայտարարության մեջ նշել են, որ «ստի մեքենան» կարողացավ բացասական լույսի ներքո ներկայացնել օրինագիծը և հանրության որոշակի մասին մոլորեցնել: Օրինագծին կեղծ պիտակ էին փակցրել, թե այն իբրև թե ռուսական է, իսկ առաջին ընթերցմամբ այն ընդունելու հանգամանքը ներկայացվել էր իբրև Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվել է»: Նրանք հույս են հայտնել, որ օրենքը հետ կանչելուց հետո հանրությանը հանգամանալի կբացատրեն նման օրենքի կարևորությունն ու անհրաժեշտությունը, որից հետո այն կփորձեն մեկ անգամ ևս կյանքի կոչել:

Մտածելու տեղիք է տալիս այս սկանդալային օրինագծի դեմ դուրս եկած կառույցների ու կազմակերպությունների ցանկը: Օտարերկրյա գործակալներին վերահսկելուն ուղղված օրինագիծը խրտնեցրել էր Վրաստանի այսպես կոչված ժողովրդավարական և լիբերալ արժեքներ որդեգրած ընդդիմությանը և եվրոպամետ նախագահին, ԱՄՆ-ի պետդեպին, Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը, Վրաստանում ԱՄՆ դեսպանին: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, թե այդ օրենքի ոգին հակասում է եվրոպական արժեքներին, և որ այն կսահմանափակի խոսքի ազատությունը և քաղաքացիական ազատությունները: Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, թե «մարտի յոթը Վրաստանում ժողովրդավարության սև օրն է»:

Արդյո՞ք պատճառն այն չէ, որ Արևմուտքի բոլոր այս ներկայացուցիչներն ուղղակի սպառնալիք էին տեսել Հարավային Կովկասի երկրներից մեկում իրենց ազատ գործակալական գործունեության համար՝ վախենալով, որ Վրաստանին ձեռքից բաց թողնելով՝ կթուլացնեն տարածաշրջանում իրենց ազդեցությունը, որը փորձում են գերակա դարձնել նաև Հայաստանին իրենց կոալիցիայի մեջ ներքաշելով՝ ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի:

Իսկ Վրաստանը կորցնելու արևմտյան վախերը լուրջ հիմքեր ունեն: Բավական է նշել, որ Վրաստանը համառորեն, անգամ Եվրամիության մատ թափ տալուց հետո հրաժարվում է հակառուսական պատժամիջոցներ կիրառող երկրներին միանալ, ավելին, Ռուսաստանը պարբերաբար շեշտում է, որ ի թիվս այլ երկրների նաև Վրաստանի շնորհիվ կարողանում է թեթևացնել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը: Այս հանգամանքը պետք է որ լրջորեն մտահոգի Արևմուտքին, և ի հավելումն՝ այսպիսի օրինագիծ է ի հայտ գալիս: Ամենայն հավանականությամբ այս օրենքը թիրախավորելով՝ Հարավային Կովկասում անկայունության ջատագովները նպատակ են հետապնդում Վրաստանում իշխանափոխություն իրականացնել և իրենց համար հեշտ կառավարելի ուժերի բերել:

Ի դեպ, ՀՀ վարչապետի գրավոր որոշումով՝ մարտի 9-10-ը երկօրյա այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարած պատվիրակությունը, որում ընդգրկվել են նրա տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, նույն վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիամ Գիգոյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը։ Ծանր հրետանի է, այնպես չէ՞, Հայաստանում գունավոր հեղափոխության տեխնոլոգիաների կրողները լինելու առումով: Ի՞նչ նպատակով են նրանք մեկնում հենց այս օրերին Թբիլիսի. արդյո՞ք Արևմուտքի ազդեցության գործակալները (իսկ այդ մասին մի շարք աղաղակող փաստեր կան) Վրաստան չեն ուղարկվել իրենց ընդդիմադիր գործընկերներին աջակցելու և գուցե գունավոր հեղափոխության այբուբենի որոշ նրբություններ բացատրելու: Իհարկե, առաջին գունավոր հեղափոխությունը մեր տարածաշրջանում հենց Վրաստանում է եղել, սակայն գուցե տարիների ընթացքում նորաթուխ ընդդիմությունը կորցրել է հմտություններն ու հեղափոխական լուրջ մարտավարական ուժի աջակցության կարիքն ունի: Ինչևէ, մենք հստակ փաստեր չունենք նման պնդումներ անելու համար, բայց ենթադրության համար շատ հարուստ դասեր ենք քաղել:

Թագուհի Ասլանյան