Փաշինյանը խուսափում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից կամ՝ Ինչի մասին էր խոսում ՀՀ 3-րդ նախագահը

2023 թ․ մարտի 7-ին կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Բնականաբար տասնյակից ավելի լրատվամիջոցներ շտապել էին լուսաբանելու և երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պաասխանները նախագահից ստանալու։ Իհարկե, նախագահը նման առիթ ընձեռեց լրագրողներին, ինչի արդյունքում էլ բավականին ուշագրավ շեշտադրումներ եղան։ Հնչեցին մի շարք հարցեր ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, բանակցային գործընթացի, օրերս Գերմանիայում Փաշինյանի հնչեցրած մտքերի մասին, մինչևիսկ հնչեց հարցադրում, թե իբր Փաշինյանին Սարգսյանն է բերել իշխանության, որը նախագահը որակեց որպես ցածրորակ հեքիաթ (հարցազրույցի հղումն այստեղ

Եվ իսկապես լուրջ քաղաքագիտական գիտելիքներ հարկավոր չեն՝ հասկանալու, որ նման մտքեր գեներացնողները պարզապես ուղղորդվում են հասարակությանը շեղելու մեխանիզմով, քանզի նման տրամաբանության դեպքում հարց է առաջանում, թե ինչու 2018 թ․ապրիլին, լրանալով նախագահի լիազորությունների ժամկետը, Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ։ Ավելին, այս հարցի պատասխանը Սերժ Սարգսյանը տվել է կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հայտնի հարցազրույցում, որտեղ նախագահը հստակ պատասխանում է հանրությանը հուզող այն հարցին, թե ինչու դարձավ վարչապետ՝ ի հեճուկս իր այն պնդման, որ չի հավակնում ոչ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնին․

«2017 թվականին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, մենք ընտրություններում ունեցանք հաջողություններ և շարունակեցինք աշխատել: Բայց արդեն մոտենում էր 2018 թվականի ապրիլը, այսինքն, նախագահական ժամկետը լրանում էր, և պետք էր որոշում կայացնել: Մենք առաջին խոսակցությունը Կարեն Կարապետյանի հետ ունեցել ենք 2017 թվականի կա՛մ ամռան վերջին, կա՛մ աշնան սկզբին. շատ պարզ, անկեղծ խոսակցություն էր: Մենք քայլում էինք կառավարական ամառանոցում և խոսում էինք այդ մասին: Ես ուղղակի Կարեն Կարապետյանին ասացի հետևյալը՝ Կարե՛ն, արդեն որոշում ընդունելու ժամկետն է, որովհետև մի քանի ամիս հետո նախագահի իմ լիազորություններն ավարտվում են: Պատրա՞ստ ես, արդյոք, ստանձնելու Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

Նա ասաց՝ իսկ դո՞ւ ինչ ես կարծում, ես ասացի հետևյալը. «Ես համոզված եմ, որ եթե փոխվեն գլխավոր բանակցողները Լեռնային Ղարաբաղի խնդրում, ապա համանախագահները կարող են փորձել այլ տարբերակներ առաջարկել: Ինչո՞ւ, որովհետև շատ պարզ է: Մենք տասը տարի աշխատել ենք այդ ուղղությամբ, և տասը տարվա մեջ մեր դիրքորոշումները կամ ավելի ճիշտ՝ համանախագահների դիրքորոշումները, էապես չեն տարբերվել մեր դիրքորոշումներից, և մենք եղել ենք կառուցողական կողմը, Ադրբեջանը եղել է ապակառուցողական կողմը: Եվ սա նաև որոշակի քաղաքականության արդյունք էր: Ասացի` ես կարծում եմ, եթե քեզ դա որևէ կերպ չի նեղացնի, մենք շարունակենք որոշակի ժամանակ՝ սահմանափակ ժամանակ, աշխատել այսպես՝ ես վարչապետի պաշտոնում, դու՝ փոխվարչապետի, էլի դու անմիջականորեն զբաղվելու ես տնտեսությամբ, քո խնդիրներով, նվազ միջամտությամբ, ինչպես եղել է, ես փորձեմ իմ ասած խնդիրները բերել այնպիսի ռելսերի վրա, որ հետո չունենանք մեծ պրոբլեմներ: Նա ասաց` միանշանակ այդպես ճիշտ է»։

Ստացվում է, որ նախագահի նման անակնկալ որոշումը բացարձակ չէր բխում արտաքին այն ուժերի շահերից, որոնց, ինչպես նախագահն էր որակել իր հայտնի հարցազրույցում, պատկերացումները Հայաստանի զարգացման մասին չեն համընկնում մեր պատկերացումների հետ։

Եվ վերջապես չմոռանանք նաև Ալիևի այն հայտնի արտահայտությունը, որ պարծենում էր, թե Ադրբեջանը մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում կայացած իշխանափոխության մեջ։

Այսքանից հետո կարծել, թե Սերժ Սարգսյանը 2018-ին հրաժարական տվեց և իշխանությունն անցնցում հանձնեց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը չստորագրի նոյեմբերի 9-ի բովանդակությամբ որևէ փաստաթուղթ, մեղմ ասած՝ պրոֆեսիոնալ չէ և ծառայում է այլոց շահերի։

Կարևոր ենք համարում նաև անդրադառնալ ճեպազրույցի ժամանակ հնչած մեկ այլ հարցադրմանը, թե ինչու նախագահը իր քաղաքական թիմով չի կանգնել վարչապետի կողքին՝ փոխզիջումային տարբերակով բանակցությունների հարցում․

«Երբ դուք նախագահ էիք, Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել կանգնել ձեր կողքին, եթե դուք, ինչպես նշվում է, փոխզիջումային տարբերակով գնայիք հարցի լուծման, ներկայումս շատ են դժգոհությունները, ինչպես նաև ձեզ մեղադրանքները, որ երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, դուք չկանգնեցիք նրա կողքին կամ չասացիք, որ այդ փոխզիջումային տարբերակի դեպքում մենք պատրաստ ենք կանգնել քո կողքին, որպեսզի Արցախի հարցը լուծվի, այլ ընդհակառակը՝ ասացիք, ձեր թիմը նշեց, որ հողատու կդառնա, եկել է որպեսզի հողերը հանձնի և այլն»։ Նախագահի պատասխանը հետևյալն էր․

«Դուք պետք է շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ կանգնում են այն գաղափարի կողքին, որ կրում է անձը։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տեսնում էր, որ, այո, ես կողմնակից եմ փոխզիջման, բայց էդ փոխզիջումը չի անցնում այն նվազագույն ցանկությունը, այն նվազագույն պայմանները, որ հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին չլինել ստորացված, հնարավորություն կտար արցախցիներին ապրել Ադրբեջանի կազմից դուրս, իսկ մենք ո՞ր գաղափարի շուրջ պիտի կանգնեինք, էն գաղափարի՞, որ ասում էր, թե ինչպես ուզում ենք, էնպես բանակցո՞ւմ ենք, էն գաղափարի՞, որ ասում էր մենք չենք ընդունում, մեզ գժի տեղ ենք դնելու էս բանակցային պրոցեսը տապալենք, ու մենք սկսում ենք մեր սեփական գծից, կետից»։

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարծենում էր իր այն հատկանիշով, որ կարողանում է գիժ ձևանալ և տապալել բանակցային որոշակի պրոցեսներ, այլև 2019 թ․ ապրիլին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարում էր՝ «Մենք չենք պատրաստվում որևէ մեկի դեմ ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը մեր դեմ ռազմական գործողություն սկսի, մենք նրան պարտադրելու ենք խաղաղություն»։ Ըստ էության գործող վարչապետը դեռևս 2020 թ․ 44-օրյա պատերազմից առաջ ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հստակ մշակված տեսլականը, և գուցե դա էր պատճառը, որ այդ նույն ճեպազրույցում կարևոր նրբություն էր համարում այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները սկսում է իր սեփական կետից․ «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։

Ինչևէ, հավատարիմ իր 2019-ի խոսքերի՝ Նիկոլ Փաշինյանը այսօր Արցախի ինքնորոշման և արցախահայության հաշվին «պարտադրում է խաղաղություն», համենայն դեպս՝ խոսքերով, և պատահական չէ 3-րդ նախագահի որակումը․ «Չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում այլ կերպ մտածել։ Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ, ու էդ ուրիշների կամակատարը չլինել»։

Իսկապես, այսօր, երբ ամեն օր ականատեսն ենք լինում այս իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի համար կործանարար և ստորացուցիչ քաղաքականությանը, երբ տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանը «խուսափում ինքնորոշում բառից, ինչպես սատանան խունկից» (Սերժ Սարգսյան), ավելի պարզորոշ ուրվագծվում են այն բոլոր ծրագրերը, որոնք ունեին արտաքին որոշ ուժեր, այդ թվում նաև Ադրբեջանը, սակայն ինչպես 3-րդ նախագահն է նշում՝ «մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են և այդքան մեզ ստորացնում են, ընդհակառակը՝ մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այդպիսի անատամ բանակցային գործընթացի համար։ Միևնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել գաղափարները, որը գոնե հիմա նրանք փորձում են իրականացնել»։

Դեռ ամեն ինչ ավարտված չէ։

Ժաննա Ծառուկյան