Մինչև մարտի 8-ը մոլորակի 12 կետերում սպասվող մեգաերկրաշարժերի վերաբերյալ հոլանդացի սեյսմոլոգի աղմկահարույց կանխատեսումը

Գույժ Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի մի մասի, Ճապոնիայի հարավի, Ինդոնեզիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Պակիստանի համար. այսպես կարելի է վերնագրել Ռուսաստանում մարտին գերհզոր երկրաշարժի (մեգաերկրաշարժի) մասին հոլանդացի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիտսի կանխատեսումը: Հուգերբիտսը ենթադրել է, որ ուժեղ սեյսմիկ ակտիվություն և, հնարավոր է, մեգաերկրաշարժ կարող է տեղի ունենալ մարտի 3-4-ին և/կամ մարտի 6-7-ին: Սեյսմոլոգի խոսքով՝ ստորգետնյա ցնցումները կարող են հարվածել Կամչատկային, Կուրիլյան կղզիներին, Ճապոնիային և այլ տարածաշրջաններին։

Ֆրանկ Հուգերբիտսն այն սեյսմոլոգն է, որը Թուրքիայում փետրվարի 6-ի առաջին ցնցումներից 3 օր առաջ «կանխատեսել» էր երկրաշարժը: Նա հետազոտական ​​խմբի անդամ է, որն աշխատում է Երկրի հետ որոշ մոլորակների միացումների և հավասարումների համահարաբերակցության ուղղությամբ

«Վաղ թե ուշ այս տարածաշրջանում (Թուրքիայի հարավ և կենտրոնական մաս, Հորդանան, Սիրիա, Լիբանան) տեղի կունենա 7.5 մագնիտուդով երկրաշարժ»,- Թվիթերում փետրվարի 3-ին գրել էր նա:

Ինչու ենք վերևում «կանխատեսել» բառը չակերտավորել: Որովհետև այն, ինչ հայտարարել է Հուգերբիտսը, բնավ չի հանդիսանում երկրաշարժի կանխատեսում: Երկրաշարժի կանխատեսումը դրա ոչ միայն տեղը, մագնիտուդը, այլև ժամանակը նախապես հայտնելն է: Ինչպես ակնհայտ է, հոլանդացի սեյսմոլոգը սպասվող երկրաշարժի տեղը շատ ընդարձակ աշխարհագրական սահմաններում է նշել («այս տարածաշրջանում»), իսկ ժամանակն ընդհանրապես չի նշել («վաղ թե ուշ»-ը խիստ անորոշ է):

Ի տարբերություն Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի, Կամչատկայում, Սախալինում, Կուրիլյան կղզիներում, Ճապոնիայում և այլուր սպասվող երկրաշարժերի վերաբերյալ Հուգերբիտսի զգուշացումը կարելի է համարել կանխատեսում, քանի որ նա տեղից և մագնիտուդից բացի, որոշակիորեն նշել է նաև, թե այդ երկրաշարժերը երբ են տեղի ունենալու՝ մարտի 3- 7-ը:

«Российская газета»-ի տեղեկացմամբ , հաղորդագրության մեջ՝ տարածված «Solar System Geometry Survey» (SSGEOS) գիտական ինստիտուտի կողմից, որտեղ աշխատում է Հուգերբիտսը, նշված է, որ մարտի 2-ին և 5-ին մոլորակների մերձեցումը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության մարտի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, հնարավոր են ստորգետնյա ցնցումներ մոլորակի 12 կետերում, իսկ դրանց մագնիտուդը կլինի 8.5 և ավելին։ Համեմատության համար նշենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը մասնագետների կողմից գնահատվել է առավելագույնը 7.8:

SSGEOS-ի հաղորդագրության մեջ թվարկված են նաև այն տարածաշրջանները, որոնք ընկնում են, այսպես կոչված, կարմիր գոտում. դրանք են Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պորտուգալիան, Հունաստանը, Պակիստանը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Ցուցակում է նաև Ռուսաստանը, ըստ այդմ, ավերիչ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Կուրիլյան կղզիներում, Կամչատկայում, Սախալինում:

«Ես չեմ չափազանցնում: Ես չեմ փորձում վախ սերմանել: Սա ընդամենը նախազգուշացում է»,- նշել է գիտնականը։

Ըստ հոլանդացի սեյսմոլոգի կանխատեսման, Կամչատկայում և Կուրիլյան կղզիների տարածքում հնարավոր են ավելի քան 7 կամ 8 բալ մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ։

Ինչպես տեղեկացրել է  РБК-ն, ռուս սեյսմոլոգները մեգաերկրաշարժի մասին հոլանդացի սեյսմոլոգի կանխատեսումը համարել են ոչ գիտական: Ինչպես RBC-ին ասել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական ​​համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Երկրի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Սմիրնովը, մարտին խոշոր երկրաշարժի մասին հոլանդացի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիտսի կանխատեսումը գիտական ​​չէ: Սմիրնովի կարծիքով, նման կանխատեսումները գիտական ​​տեսանկյունից հիմնավորված համարելու որևէ հիմքեր չկա։

«Լուրջ գիտական ​​ամսագրերում նրա հրապարակումները մենք սեյսմոլոգիական հանրության մեջ չգիտենք, այսինքն՝ նրա կանխատեսումները հիմնված չեն ինչ- որ գիտական ​​հետազոտությունների վրա»,- ասել է Սմիրնովը:

Սմիրնովը հավելել է, որ համացանցում կան «շատ կանխատեսումներ» այն օրերի համար, երբ երկրաշարժեր չեն եղել։

«Մենք կարող ենք ձեզ հետ կանխատեսում անել, որ երկրաշարժ կլինի 3 շաբաթից, բայց դա տեղի չի ունենա, ինչը նշանակում է, որ նրանք կմոռանան մեր կանխատեսման մասին, իսկ եթե դա տեղի ունենա, կասեն, որ մենք այն ձեզ հետ  միասին կանխատեսել ենք,- նշել է մասնագետը։- Դա կանխատեսում չէ, ըստ էության, խուճապի սերմանում է՝ օգտվելով բավականին բարդ իրավիճակից։ Ավելին, նա նշում է այն վայրերը, որտեղ միշտ երկրաշարժեր են տեղի ունենում։ Դա և Կամչատկան է, և Ճապոնիան, և Խաղաղ օվկիանոսի ամբողջ ափը»:

Փորձագետի կարծիքի հետ համաձայնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պետր Շեբալինը. «Ես, որպես ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների դոկտոր, գուշակությունը չեմ մեկնաբանելու: Չեմ կարող ասել, որ այդպիսին չի լինի, ես ասում եմ, որ գիտական ​​հիմքեր չկան՝ ասելու, որ այդպիսին կլինի»։

Կործանարար մեգաերկրաշարժի մասին SSGEOS- ի աշխատակից Ֆրանկ Հուգերբիտսի վերոնշյալ «կանխատեսմանը», «Российская газета»-ի տեղեկացմամբ , թերահավատորեն են վերաբերվում նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի գիտնականները; Ինչպես նշել է մասնաճյուղի տնօրեն Դանիլա Չեբրովը, Կամչատկայում ուժեղ երկրաշարժ իսկապես հնարավոր են ցանկացած պահի, բայց հուսալի կարճաժամկետ նախանշաններ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ կանխատեսումներ անել, այժմ չկան:

«Ֆրանկ Հուգերբիտսը փորձում է իր կանխատեսումը կառուցել արեգակնային համակարգի երկրաչափության որոշ ինդեքսների վրա,- ասել է Չեբրովը:- Այսինքն՝ փորձելով համապատասխանություններ գտնել սեյսմիկ ակտիվության և խոշոր երկնային մարմինների կարգավորված դիրքի միջև:

Գաղափարն անիմաստ չէ, և հայտնի են նման կանխատեսումներ կառուցելու փորձեր՝ կապելով Արեգակնային համակարգի երկնային մարմինների շարժումները սեյսմիկ ակտիվության հետ: Իրականում այդ կապը պարզվել է, որ բավականին թույլ է, և այն դժվար է օգտագործել որպես հիմնական կանխատեսումային նշան: Նաև մեթոդիկայի հեղինակը փորձում է տվյալներ ներգրավել որոշ «մթնոլորտային տատանումների» վերաբերյալ, բայց թե ինչպիսի տվյալներ են դրանք, պարզ չէ»։

Հիշյալ մասնաճյուղի տնօրենի կարծիքով, դժվար է խոսել այն մասին, թե որքանով են արդյունավետ Հուգերբիտսի կանխատեսումները, քանի որ նա դրանք հրապարակում է սեփական կայքում և սոցիալական ցանցերում, ընդ որում, հետազոտության տեխնոլոգիայի մասին տեղեկությունները ներկայացվում են միայն հատվածաբար:

Դանիլա Չեբրովը նույնպես չի գտել Ֆրանկ Հուգերբիտսի որևէ գիտական հրապարակում, հետևաբար, ըստ մասնագետների, նա ավելի շուտ սիրողական սեյսմոլոգ է, ինչը նույնպես ստիպում է կասկածել նրա խոսքերին։ Միևնույն ժամանակ, չնայած Հուգերբիտսի հայտարարության նկատմամբ անվստահությանը, Ռուսաստանի ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում մեկ շաբաթ առաջ խոստացել են հաստատության մոտակա նիստի ընթացքում դիտարկել նրա մեթոդաբանությունը։

Հավելենք, որ «մեգաերկրաշարժ» հասկացությունը կիրառվել է 2004 թվականին Հնդկական օվկիանոսում, 2010թ. Չիլիում և 2011թ. Ճապոնիայի ափերի մոտ տեղի ունեցած շատ հզոր ու կործանարար երկրաշարժերից հետո։

Մարտի 3-4-ն անցավ, այսօր մարտի 6-ն է, հոլանդացի սեյսմոլոգի կանխատեսումը, բարեբախտաբար, դեռ չի իրականացել, մնաց վաղը, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք…

 

Արթուր Հովհաննիսյան