Թշնամին նույնն է, նույնն է նաև աշխարհը, իսկ մե՞նք

Այսօր Բաքվում բնակվող հայերի ջարդի 33-րդ տարելիցն է։ Թերևս խորհրդանշական թիվ է, եթե հաշվի առնենք, որ այսօր նաև լրանում է 33-րդ օրը, ինչ ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակել են Արցախն աշխարհի հետ կապող միակ մարդասիրական ճանապարհը՝ շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար բնակչությանը՝ և այդպիսով նպատակ ունենալով նրանց սովի մատնել, զրկել հնարավոր կոմունիկացիաներից և ի վերջո բռնի տեղահանության դրդել։ Այս պարզ ճշմարտությունն ընկալելի է նաև աշխարհի համար, որի տարբեր ծագերից քաղաքական այրերի ու կառույցների կողմից տարատեսակ հորդորներ են ուղղվում Բաքվին՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը բացելու և արցախահայությանը կյանքի իրավունքից չզրկելու մասին, սակայն այդ բարբառումներն այդպես էլ տարրալուծվում են անապատի անծայրածիր տարածքով՝ անհասցե ու անհետևանք։ Ճիշտ այնպես, ինչպես 33 տարի առաջ ամբողջ աշխարհի աչքի առաջ դաժանաբար մորթվում էր Ադրբեջանում ապրող հայ բնակչությունը, և որևէ մեկը չբռնեց ոճրագործի ձեռքը, այդպես էլ բարբարոս թշնամին հիմա է ահաբեկում առանց այդ էլ պատերազմից հալումաշ եղած արցախցիներին, բայց այս անգամ նրանց իրենց հայրենի բնօրրանից բռնի տեղահանելու մոլուցքով։ Պարզ հաշվարկը հուշում է՝ աշխարհը մատն էլ չի շարժելու, որովհետև առաջնորդվում է սեփական շահով։ Իսկ այդ շահը Ապշերոնում է, բնավ ոչ Հայկական լեռնաշխարհում, որտեղ ամենամեծ արժեքը մարդկային կյանքն է։ Փույթ չէ, որ միջազգային հորջորջված կառույցները ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ականջներին քաղցրահունչ գաղափարներ են շշնջում ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների մասին և փորձում այդ պսևդո-արժեքներով գնել մեր սկզբունքները։ Իրականում երբ բանը հասնում է իրենց մատուցած տեսական քարոզները գործով ապացուցելուն, մենք հակառակն ենք տեսնում, որ նյութական արժեքների վրա հիմնված  աշխարհում ուժեղ է նա, ով վայրի է, հարձակվող է, ով բռնապետ է, ու ժողովրդավարության մասին բոլոր գիտելիքները այդժամ ջարդուփշուր են լինում դառը իրականությանը բախվելով։

Բաքվի ջարդերը այդ առումով մեզ համար առաջին դասը չէին, բայց, ինչպես երևում է, նորից ուսանելի չէին, որ հիմա էլ նույն շրջապտույտում ենք հայտնվել։ Այն ժամանակ էլ՝ 1988-ին, ի պատասխան արցախահայության ձգտման` իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանում թափ առավ հայկական ջարդերի ալիքը, որն ուղեկցվում էր դաժանությամբ նախադեպը չունեցող սպանություններով, բռնություններով և թալանով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձան Սումգայիթ քաղաքի հայերը: Սումգայիթում կոտորածը տևեց երեք օր՝ 1988-ի փետրվարի 27-29: Նույն տարի նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը արդեն Կիրովաբադում (Գանձակում), Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղահանվեցին Արցախի հյուսիսում՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի ու Գետաբեկի լեռնային և նախալեռնային մասերում գտնվող 50 հայկական բնակավայրերի, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:

Հունվարի 13-19՝ ամբողջ շաբաթ շարունակվող ջարդերից տուժածների, սպանվածներ ստույգ թիվն առայսօր հայտնի չէ․ տարբեր տվյալներով՝ սպանվել է 150-300 մարդ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի լիակատար անգործության պայմաններում:

Այս ամենին իհարկե հետևել էին միջազգային հանրության մտահոգիչ արձագանքները՝ Եվրախորհրդարանն ընդունել էր «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձև, «New York Times»-ում բաց նամակ էր հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, որոնք բողոքի ձայն էին բարձրացրել Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Եվ վերջ։

Այդ կառույցներից այսօր ո՞վ է հիշում հայերի ջարդերը 1988-1990-ականներին, այս օրերին հնչած հորդորներով ո՞վ հիշատակեց այդ դեպքերը՝ անհապաղ միջոցներ կիրառելով, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն արդեն Արցախում։ Սրանք հռետորական հարցեր են, քանի որ վաղուց մեզ համար ամեն ինչ ակնհայտ է։ Եվ ի՞նչ պիտի անի վիրավոր ճնճղուկի պես մի անկյունում սեղմված արցախահայությունը՝ իրենց հայրենակիցների ճակատագրից խուսափելու համար։ Ի դեպ, նրանց մեջ կան նաև Սումգայիթի, Բաքվի և ադրբեջանական այլ բնակավայրերում հայերի կոտորածները, ջարդերը վերապրածներ, որոնց համար Արցախի շրջափակումը նորից երբեմնի վախն ու սարսափն է արթնացրել դրկից թշնամու նկատմամբ։

Թագուհի Ասլանյան