Այսօր Բաքվում հայերի դեմ իրականացված վերջին ջարդերի 33-րդ տարելիցն է

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում ադրբեջանցի բարբարոսները իրականացրել է ջարդեր հայ բնակչության նկատմամբ, Բաքուն հայաթափվել է՝ շուրջ 250 հազար հայ տեղահանվել է, անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների հետևանք են։

Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո՝ 1988 թ. գարնանը, Բաքվում սկսվեցին հետապնդումներ հայերի նկատմամբ։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն հոդվածներում հրապարակվում էր մամուլում, ներկայացվում բազմահազարանոց հանրահավաքներում։ 1988 թվականի դեկտեմբերից բարձրացել է հակահայկական հիստերիայի ալիք՝ հայերին ապօրինաբար ազատում էին աշխատանքից, բռնի կերպով վտարում բնակարաններից և տներից, ծեծուջարդի ենթարկում, ահաբեկում և սպանում։ 1990 թ. հունվարին Բաքվում 250 հազարանոց հայկական բնակչությունից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Նրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապես չէին կարող հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները։

1990 թ․ հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ (Ազգային ժողովրդական ճակատ) ակտիվին՝ ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։  Հանդիպումը հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ։

1990 թ․հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50 հազարանոց ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, հավաքվեց Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:

Բազմահազարանոց հանրահավաքից հետո բաշիբոզուկները խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները, սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների)։

Զոհերի քանակով, տևողությամբ և չափերով Բաքվի հայկական ջարդերը գերազանցեցին Սումգայիթի հայերի կոտորածը: Սպանվածների ճշգրիտ թիվը մինչ այժմ հայտնի չէ. տարբեր տվյալներով սպանվել է 150- 300 մարդ: Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի լիակատար անգործության պայմաններում:

Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրական ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

1990 թվականի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ գլխավոր խորհրդի փակ նիստ՝ Բաքվում կատարված դեպքերի առնչությամբ։ Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և Բաքվի գործողությունները հետաքննելու համար։ Ի պատասխան հարցապնդման՝ ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջարդերի այնպիսի մանրամասներ, որոնք մամուլում չեն լուսաբանվել։ Փոխադարձ համաձայնությամբ՝ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության։

Միջազգային արձագանքները

Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները գրել են Բաքվի ջարդերի մասին՝ վդովմունք արտահայտելով։ ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին։ 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին կոչ է արել՝ պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին անհապաղ օգնություն ցուցաբերել։ Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Միխայիլ Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնել։

Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանը հունվարի 18-ին ընդունել է «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»: