Սուրեն Պապիկյանն ընդունել է Ղազախստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը։

ՊՆ տեղեկացմամբ, զրուցակիցները, ողջունելով միմյանց և բարձր գնահատելով հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձ են կատարել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել հայկական և ղազախական բանակներում բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Ռուսլան Ժակսիլիկովն իր գործընկերոջը՝ Սուրեն Պապիկյանին հրավիրել է Ղազախստանի Հանրապետություն։