Այս իշխանությունները միջազգային հանդիպումներին պոլիէթիլենային տոպրակով են գնում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ, դոցենտ Լևոն Նազարյանը։

Հաղորդման հյուրը խոսեց տնտեսական վիճակագրական ցուցանիշներից, որոնց ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ նշելով, թե տնտեսական աճն արագացել է։ Այդ դեպքում ինչի՞ մասին է վկայում ակնհայտ հակասությունը տնտեսական ցուցանիշների ու մարդկանց վատթարացող կենսամակարդակի միջև։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիները 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո ավելի ցածր կենսամակարդակ ունեն, և մենք այսօր շատ վտանգավոր վիճակում ենք, երբ կարող է սոցիալական պայթյուն լինել։

«Այս իռացիոնալիզմը, որ իշխանությունները դրսևորում են, քամահրանք, ծաղրուծանակ է ժողովրդի, շարքային քաղաքացու հանդեպ։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին աղքատությունը 27 տոկոսից իջավ 24 տոկոսի և այդ միտումը պահպանվում էր։ Նրա իշխանության տարիներին Հայաստանը երկու տնտեսական ճգնաժամ է հաղթահարել՝ դրանով հանդերձ իջեցնելով աղքատության շեմը թեկուզ այդքան տոկոսով։ Նման պայմաններում դա արդյունք է՝ կայունություն պահպանելը։ Այս իշխանությունները եկել են իշխանութան՝ ասելով, որ կարող են անել ամեն ինչ, կախարդական փայտիկ ունեն։ Եվ մարդիկ իրավունք ունեն իրենցից հաշվետվություն պահանջելու, թե իրենց կյանքը բարելավելու համար ինչ է արվել իրականում, և թե ինչու իրենք այդպես էլ լավ չեն ապրում։ Տեսեք՝ որքան են թանկացել առաջին անհրաժեշտության ապրանքները, սննդամթերքը։ Այնինչ իրենց թիրախային լսարանին խոստացել էին, որ լավ են ապրելու»,- հավելեց Լևոն Նազարյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև ջրի սակագնի հնարավոր թանկացմանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և արդեն պատրաստել է որոշման նախագիծ, որով ջրի սակագինը հունվարի 1-ից պետք է բարձրանա 8,42 դրամով։ Լևոն Նազարյանը կոչ արեց, որ նախկին իշխանության տարիներին վարձու ակտիվիստները դուրս գան փողոց և բողոքեն այդ թանկացման դեմ, եթե նրանց նպատակները նախկինում անկեղծ էին։

Հաղորդման վերջում անդրադարձ եղավ վաղը Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին։ 2016-ի հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների գագաթնաժողովում Երևանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ և ազգերի ինքնորոշման իրավունքի և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։ Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։ Վաղվա գագաթնաժողովի հետ կապված կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չեն։

Մանրամասները՝ տեսանյութում