Էրդողանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Բալկանյան երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնարկած բալկանյան եռօրյա շրջագայության առաջին կանգառը եղել է Բոսնիա և Հերցեգովինան։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Էրդողանին նախագահական պալատի հանդիսությունների ուղեկցությամբ դիմավորել է Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի նախագահ Շեֆիկ Ջաֆարովիչը։ Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողան-Ջաֆարովիչ դռնփակ առանձնազրույցն ու պատվիրակությունների միջև հանդիպումը։
Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում է մեծաթիվ պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության, գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարները։
Հաջորդիվ նախատեսվում է Էրդողանի պաշտոնական այցը Սերբիա, ապա՝ Խորվաթիա։